Անհրաժեշտ է վերաիմաստավորել մեր դիրքորոշումը եւ վերադասավորվել իշխանության դեմ տեւական պայքարի համար: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների համաժողովին:
Նրա խոսքով, ՀՅԴ-ի համար գերակա է ընդդիմադիր ժողովրդական շարժման ամրապնդումը: «Մենք համաձայն ենք Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկին` գործել «Յոթ չափիր, մեկ կտրիր» սկզբունքով: Մենք կարող ենք չափել յոթ անգամ, բայց պայմանով, որ միասին ենք կտրելու: Հայաստանում միակ չարիքը իշխանությունն է, որ հեռացել է ժողովրդից: Սակայն մեր պայքարը պետք է վարվի հանգիստ ուժի տրամաբանությամբ, առանց արյունահեղության, մենք չենք ցանկանում, որ Հայաստանում ինչ-որ մեկի արյունը թափվի մեր չմտածված գործողությունների պատճառով»,- ասել է Ռուստամյանը:
Նրա խոսքով, պայքարի ուղին հեշտ չի լինելու, քանի որ հեշտ ուղին երբեք ոչ ոքի դրախտ չի տարել: Ռուստամյանը հույս է հայտնել, որ Երեւանի քաղաքաի ընտրություններում կհաղթի ընդդիմադիր թեկնածուն, իսկ ընդդիմադիր քաղաքապետը կարող է շատ բան փոխել Հայաստանում:




























