Վարչապետ նշանակելու լիաղորությունը հանրապետության նախագահի եւ իշխող քաղաքական ուժի` ՀՀԿ-ի որոշելիք խնդիրն է, եթե մենք ունենայինք այդ լիազորությունը, բնականաբար այլ թեկնածու կառաջադրեինք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արսեն Համբարձումյանը:

Նա նշեց, որ Սահմանադրությամբ այդ լիազորությունը տրված է Հանրապետության նախագահին, եւ եթե հանրապետության նախագահը ու իշխող քաղաքական ուժը նպատակահարմար են գտել վարչապետին վերառաջադրել, դա քաղաքական մեծամասնության խնդիրն է:

«Մենք մեր գնահատակները հնչեցնում ենք` նկատի ունելով կառավարության գործունեության արդյունքները,, եւ դատելով արդյունքներից` արձանագրել ենք, որ նախորդ  5 տարիների ընթացքում ցուցանիշները, մեղմ ասած, գոհացուցիչ չեն: Ակնհայտ է, որ 5 տարվա գործունեության ընթացքում մեր երկրում թե տնտեսական, թե սոցիալական, թե շատ ու շատ այլ կարեւորագույն խնդիրներ իրենց լուծումը չեն գտել եւ հետայսու եւս մեր գնահատականները պայմանավորված են լինելու զուտ արդյունքներով»,- նշեց նա:

Արսեն Համբարձումյանը շեշտեց, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության կողմից ժամանակին հարց է բարձրացվել կառավարությանը անվստահություն հայտնելու համար, բայց «դժբախտաբար մեր երկրում դեռ հստակ կանոնակարգված չէ այս հարցը, թե կառավարության ծրագիրը ձախողելու պարագայում ինչ իրավական հետեւանքներ պետք է առաջանեն, այս հրատապ խնդիրը պետք է լուծում ստանա»: 

«Մենք ընդամենը առկա իրողությունները հաշվի առնելով` մեր գնահատակններն ենք հնչեցնում  եւ փաստում ենք, որ անցած հինգ տարիների ընթացքում կառավարությունը իր վրա դրված խնդիրները չի կարողացել կատարել: Տրամաբանական կլիներ փոփոխություններ կատարելը»,- ասաց Արսեն Համբարձումյանը: