Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ, հրապարակել է «Նոր Հայաստան» շարժման տեքստը, որի տակ իրենց ստորագրություններն են դնելու շարժմանը միացած քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Հռչակագրում մասնավորապես ասվում է. «Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, սույնով մերժում ենք գործող իշխանակարգը, որը քաղաքական դավադրություն գործեց 2013թ.։ Մենք չենք ճանաչում նոր վարչակազմի իշխանությունը եւ այսօր հավաքվել ենք ուղենշելու միասնական այս գործընթացի իշխանությունը ժողովրդին վերադարձնելու մեր ծրագիրը։ Մշակելու եւ իրականացնելու գործում ամբողջապես լիազորված ենք ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածով: Նոր Հայաստանի շարժման հռչակագիր»:

Հովհաննիսյանը նշել է, թե սկսած ապրիլի 22-ից վերսկսելու է իր մարզային այցերը: Ապրիլի 24-ին հանրահավաք է լինելու Ազատության հրապարակում, որից հետո երթ կլինի դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ազատության հրապարակում մայիսի 9-ին կայանալու է հաջորդ քաղաքացիական համաժողովը, որի ընթացքում քննարկվելու են շարժման հետագա քայլերը: