Ոչ մեկի արյունը մյուսից կարմիր չէ, իսկ երեսը՝ ավելի սպիտակ, որ տարբերություն դնենք. ցանկացած քննություն իրականցվելու է անաչառ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի նոր ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն՝ արձագանքելով աղմուկ հանած այն տեղեկատվությանը, որ Հայաստանի ոստիկանությունում ստեղծվել է ապօրինի ֆինանսական բուրգ, որը քաղաքացիներից խաբեությամբ գումարներ է կորզել:

Աշոտ Կարապետյանի խոսքով՝ իրենք անօգնականին կօգնեն, ինչ-որ տեղ զիջումներ կանեն, բայց  անշահախնդիր: «Ինչ վերաբերում է, որ դա կազդի գործի ընթացքի վրա  եւ դա կկապի մեր թեւերը, ես հաջորդ վարկյանից չեմ աշխատի այս պաշտանում: Ցանկացած քննություն անաչառ է լինելու, քանի որ ես նշանակված եմ նաեւ  այդ նպատակով: Այս պահին ավելին ասել չեմ կարող, քանի որ դեռ նյութեր են նախապատրաստվում»,- ավելացրեց Երեւանի ոստիկանապետը:

Հարցին, թե բարձրաստիճան պաշտոնյաներ ներգրավվա՞ծ են այդ գործում, նա պատասխանեց, որ եթե նման բան լիներ, ապա քրեական դատավարության օրենսգրքի համաձայն համապատասխան վայրում համապատասխան մարմինները կզբաղվեին այդ գործով: «Իսկ, եթե եղել են իքս մարդիկ, որոնց ես չեմ էլ իմանում, իրենք ոչ մեկից, ոչ կարմիր արյուն ունեն, ոչ էլ սպիտակ երես, որ տարբերություն դնենք»,- արձագանքեց Աշոտ Կարապետյանը:

Ավելի վաղ «Հայկական ժամանակը» գրել էր, որ մի քաղաքացի այս տարվա ապրիլի 9-ին Երեւանի Արաբկիրի ոստիկանություն հաղորդում է տվել հանցագործության մասին, որի շարունակությունը ամենայն հավանականությամբ աղմկոտ է լինելու: «Ըստ հաղորդման՝ Հայաստանում ստեղծվել է ապօրինի մի ֆինանսական բուրգ, որը քաղաքացիներից խաբեությամբ գումարներ է կորզել ու «սկել»: Այդպիսի մեծ ու փոքր կառույցներ Հայաստանում էլի կան, բայց այս մեկը ստեղծվել եւ ղեկավարվում է ՀՀ բարձրաստիճան մի քանի ոստիկանների կողմից: Կառույցի «շրջանառությունը» եղել է մի քանի միլիոն դոլար»: Միաժամանակ թերթը գրել է, որ այս գործը այնքան աղմկոտ է լինելու եւ այնպիսի անուններ են շոշափվում, որ ոստիկանությունը ամեն ինչ անելու է այն կոծկելու համար: