Մահմեդական մի երկիր, որը ձգտում է դեպի իսլամական աշխարհ, թե դեպի Եվրամիություն ձգտող աշխարհիկ պետություն: Դժվար է կոնկրետ պատասխան տալ այս հարցին, որովհետեւ կարծես, թե թուրքերը նույնպես չգիտեն սրա կոնկրետ պատասխանը: Բայց մի բան ժամանակակից Թուրքիայի իշխանությունները հաստատ գիտեն: Ներկայիս Թուրքիայի ներքուստ իսլամիստական ուղղվածություն ունեցող «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությունը ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն եւ այլ կարգախոսներով ձգտում է Թուրքիան տանել դեպի Եվրամիություն: Սակայն թուրքական ընդդիմությունը եւ զինվորականությունը շարունակում են մեղադրել իշխող կուսակցությանը, որ երկրում խրախուսվում են իսլամական բարքերը, եւ երկիրը գնում է իսլամականացման ճանապարհով:
Իհարկե, ամեն ինչ այդքան հեշտ չէ, Թուրքիայի կառավարող իսլամիստական ուղղվածության «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, զգում է իր հետեւում աշխարհիկ կարգերի «երաշխավոր» զինվորականության եւ ընդդիմադիր կուսակցությունների շունչը: Սակայն ներկայումս իրավիճակը նախկինից տարբերվում է: Զինվորականությունը կարծես չի կարող կրկնել 1960, 1971, 1980, 1997 թվականների սցենարները: Դա ունի իր պատճառները: Պատճառներից մեկն այն է, որ թուրքական հասարակության մի հատվածը արդեն հոգնել է զինվորական հեղաշրջումներից, դրանից հետո տեղի ունեցող արյունալի դատաստանից եւ աջակցություն ցույց չի տալիս զինվորականության մի հատվածի կողմից իսլամականացման դեմը առնող ենթադրյալ նախագծերին: Սրա պատճառներից մեկն էլ այն է, որ իսլամիստական ուղղվածության իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հմտորեն համադրում է ժողովրդավարությունը եւ իսլամը եւ, ինչպես ցույց են տալիս վերջին մի քանի տարվա ընտրությունների արդյունքները, թուրքական հասարակությունում նկատվում են իսլամականացման միտումներ: Եւ քանի որ, թուրք հասարակության մեջ իսլամական կուսակցություններին տրվող քվեները բարձր տոկոս են կազմում, այդ հանգամանքը ստիպում է զինվորականությանը ավելի զգույշ լինել: 2002 թվականից իշխանության գլուխ անցած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության երկրի տնտեսությունը վերականգնելու, կոռուպցիայի մակարդակը իջեցնելու, մարդու իրավունքների պաշտպանությունը բարելավելու, ազգային փոքրամասնությունների իրավունքը հարգելու ուղղությամբ ջանքերը լավագույնս գնահատվեցին թուրքական հասարակության կողմից: Թուրքիայում 2002 թվականից այս կողմ տեղի ունեցած ընտրություններից հետեւում է, որ թուրքական հասարակությունը վստահում է իշխանությանը: Սակայն սա չի նշանակում, որ թուրք հասարակությունը հալած յուղի պես ընդունում է երկիրը իսլամականացման ուղով տանելու գաղափարը: 2002 թվականի խորհրդարանական ընտրություններում իսլամական ուղղվածության համբավ ունեցող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ջախջախիչ հաղթանակը Արեւմուտքում սկզբնական շրջանում եւս անհանգստության առիթ տվեց: Ինչպես ցույց տվեց ժամանակը, Արեւմուտքը վստահեց «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը եւ Թուրքիայի Եվրամիություն մտնելու շուրջ բանակցությունները շարունակվում են:
Մի քանի դար Օսմանյան կայսրությունը համարվել է իսլամական աշխարհի ազդեցիկ կենտրոններից մեկը: Իսլամը կարեւոր դեր էր խաղում Օսմանյան կայսրության քաղաքականության եւ զարգացման մեջ: Սակայն ժամանակի հետ իսլամական սկզբունքները սկսեցին արգելակել կայսրության առաջընթացը: 19-րդ դարը Օսմանյան կայսրությունում սկսվեց «թանզիմաթյան ժամանակաշրջանով»: Այդ ժամանակ Եվրոպայից որոշ չափով փոխառվեցին պետական կառավարման փորձը եւ իրավական համակարգի գործառույթներ: Օսմանյան կայսրության փլատակներից Մուսթաֆա Քեմալ աթաթուրքի կողմից ստեղծված Թուրքիան 1923 թվականին հռչակվեց աշխարհիկ պետություն: 1924 թվականին թուրքական խորհրդարանը վերացնելով խալիֆայությունը, որոշում է ընդունում դպրոցը առանձնացնել կրոնից: Այսինիքն, բոլոր դպրոցները, այդ թվում կրոնական դպրոցները, ենթարկվեցին ազգային կրթության նախարարությանը: 1928 թվականին Թուրքիայի սահմանադրությունից հանվեց այն կետը, ըստ որի Թուրքիայի պետական կրոնը իսլամն է:
Աշխարհիկ Թուրքիային լուրջ մարտահրավերներ նետեց 1950 թվականին Թուրքիայում խորհրդարանական մեծամասնություն ստացած Դեմոկրատական կուսակցությունը: Դեմոկրատական կուսակցությունը, երկրի ղեկը վերցնելով իր ձեռքը, սկսեց աջակցել հետադիմական ուժերի գործունեությանը: Նրանց գաղափարախոսական պայքարի ձեւերից մեկն էր կրոնական մոլեռանդության տարածումը: 1950 թվականի հունիսին Թուրքիայի խորհրդարանը ընդունեց օրենք Ղուրանն արաբերեն ընթերցելու մասին: Կրոնի դասավանդումը տարրական եւ միջնակարգ դպրոցներում դարձավ պարտադիր, վերականգնվեցին իմամներ եւ մոլլաներ պատրաստող դպրոցները: Թուրքիայում սկսվեց նոր մզկիթների կառուցումը եւ հների նորոգումը՝ պետական միջոցների հաշվին: Այս ամենը երկար չտեւեց, քանի որ 1960 թվականի մայիսի 27-ին տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում: Դրանից հետո Թուրքիայում կրկին վիճակը չկայունացավ եւ 1971 թվականին հետեւեց երկրորդ ռազմական հեղաշրջումը: Սակայն երկրում 1970-ականների վերջում տիրող տեռորը եւ ազգայնականների սանձարձակ գործողությունները ստիպեցին զինվորականներին դիմել հերթական ռազմական հեղաշրջման: Այն տեղի ունեցավ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին՝ Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Քենան Էվրենի գլխավորությամբ։ Դրանից հետո Քենան Էվրենը ընտրվեց Թուրքիայի հանրապետության նախագահ: Ներկայումս 91 ամյա Քենան Էվրենի գլխին սեւ ամպեր են կուտակված: Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ աթաթուրքի կողմից ստեղծված եւ ներկայումս ընդիմություն հանդիսացող Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայքալը հայտարարել է, որ սկսելու է նախապատրաստել դատական գործընթաց՝ դատելու 1980 թվականի սեպտեմբերի 12-ի հեղաշրջման մասնակիցներին, այդ թվում հեղաշրջման կազմակերպիչ Քենան Էվրենին: Դրա պատճառը հանդիսացել է 2009 թվականի հունիսի 12-ի «Taraf» թերթում տպագրած ենթադրյալ «Ֆունդամենտալիզմի դեմ պայքարի ծրագիրը», կազմված գլխավոր շտաբի հատուկ վարչության կողմից, որով նախատեսվում էր վերացնել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը եւ Գյուլենի իսլամական միությունը:
1982 թվականին ընդունված սահմանդրությունը կրկին վերահաստատեց աշխարհիկության սկզբունքը, ըստ սահմադրության 24-րդ կետի՝ ցանկացած ոք ունի խղճի ազատություն։ Հավատքը, կրոնական համոզմունքները, աստծուն ծառայելը եւ կրոնական ծեսերը պետք է լինեն ազատ: Ոչ ոքի չեն կարող ստիպել ընդունել որեւէ կրոն կամ պարտադրել մասնակցելու ինչ-որ կրոնական արարողության: Ոչ ոքի չեն կարող դատել իր կրոնական համոզմունքների համար:
Իսկ սահմանադրության 10-րդ կետի համաձայն, Թուրքիայում բոլորը օրենքի առաջ հավասար են՝ անկախ լեզվից, ռասայից, աշխարհայացքից, սեռից, քաղաքական կողմնորոշումից, փիլիսոփայական հայացքներից, կրոնական պատկանելիությունից:
Թուրքիայում իսլամական տրամադրությունները կրկին սկսեցին գերիշխել 90-ականներին: Այդ ժամանակ իսլամիստական «Բարօրություն» կուսակցության անդամների թիվը անցել էր 2 միլիոնից: 1994 թվականին «Բարօրությունը» տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթեց, իսկ հաջորդ տարի խորհրդարանական ընտրություններում գրավեց առաջին տեղը: Արդեն 1996 թվականին իսլամիստական «Բարօրություն» (Refah) կուսակցության առաջնորդ Նեջմեթին Էրբաքանը սկսեց ղեկավարել կոալիցիոն կառավարությունը: Նա շատ արագ ձեռնամուխ եղավ Թուրքիային աշխարհիկ ուղուց շեղելուն: Էրբաքանի գործունեությունը խափանելու համար 1997 –ին Թուրքիայի գլխավոր շտաբ է դիմում Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելը՝ պատճառաբանելով , որ Էրբաքանը լուրջ վտանգ է ներկայացնում աթաթուրքի հռչակած Թուրքիայի աշխարհիկ կարգերին: 1997 թվականին, զինվորականության ճնշման տակ Էրբաքանը հեռանում է պաշտոնից: 1998 թվականին Թուրքիայի սահմանադրական դատարանը լուծարում է «Բարօրություն» կուսակցությունը: 4-ամսյա կալանքի է ենթարկվում նաեւ Ստամբուլի այն ժամանակվա քաղաքապետ, «Բարօրություն» կուսակցության առաջնորդներից Ռեջեփ Թայեփ Էրդողանը՝ իսլամիստական հայացքների համար: Նրան դատապարտում են այն բանի համար, որ հրապարակայնորեն կարդում է ծայրահեղ իսլամիստական ոգով գրված իր հետեւյալ բանաստեղծությունը. «Մզկիթները մեր զորանոցներն են, մինարեթները մեր սրերն են, գմբեթները մեր սաղավարտներն են, իսկ հավատացյալները մեր զիվորներն են»:
«Բարօրություն» կուսակցության հիմքի վրա ստեղծվեց «Առաքինություն» (Faziliet) կուսակցությունը: 1999 թվականին Ռեջեփ Թայեփ Էրդողանը, Աբդուլահ Գյուլը այս կուսակցության այլ անդամներ, որոնք կողմ էին բարեփոխումներին, դուրս եկան Էրբաքանի կուսակցությունից: Նրանք ստեղծեցին «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը: Սահմանադրական դատարանի կողմից արգելվեց նաեւ «Առաքինություն» կուսակցությունը, որի անդամների մի մասը միացավ Էրդողանի կուսակցությանը, իսկ մյուս մասը միավորվեց «Երջանկություն» (Saadet) կուսակցության շուրջ: Եւ, ինչպես ցույց տվեց ժամանակը, հենց Էրդողանի կուսակցությունը դարձավ 2002 թվականի խորհրդարանական ընտրությունների անակընկալ հաղթողը: «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը 2002 թվականին հավաքեց մոտ 35 տոկոս ձայն: Կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայեփ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան շարունակելու է զարգանալ աշխարհիկ ճանապարհով: Էրդողանին հաջողվեց հավաքել թե իսլամական ուղուն հետեւողների, թե այլ ընդիմադիր կուսակցությունների ընտրազանգվածի ձայները: Այս հաղթանակը պայմանավորված էր նաեւ նրանով, որ տվյալ կուսակցությունը մասնակից չեր եղել վերջին տարիների քաղաքական կյանքին, հետեւաբար առկա տնտեսական եւ քաղաքական ձախողումների համար պատասխանատու չէր: «Արդարություն եւ զարգացումը» շարունակեց իր հաղթարշավը: Ամեն դեպքում, ինչպես ցույց են տալիս ընտրությունների արդյունքները, թուրքական հասարակության մեջ նկատվում են իսլամականացման զարգացումներ: 2004 թվականի տեղական ինքնակառավարման ընտրություններում Արդարություն եւ զարգացում կուսակցությունը հավաքեց 43 տոկոս: Այն արդեն 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում հավաքեց 47 տոկոս ձայն: Սակայն արդեն 2009 թվականի մարտի 29-ի տեղական ինքնակառավարման ընտրություններում ԱԶԿ-ն հավաքեց 39 տոկոս, շատ ավելի քիչ, քան սպասում էին ԱԶԿ-ի առաջնորդները: Այս հանգամանքը կապվում էր նաեւ 2008-ի աշնանից տիրող տնտեսական ճգնաժամի հետ, ինչի պատճառով թուրքական հասարակությունը իր բողոքն էր հայտնել իշխանությանը: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը չնայած իսլամիստական է, նրան ընդունում են միեւնույն ժամանակ որպես արեւմտամետ ուժ: Շատ փորձագետների ենթադրությունները, որ «Արադարություն եւ զարգացում» կուսակցությունը երես կթեքի Եվրոպայից, չիրականացավ: Էրդողանը ակտիվ աշխատանքներ է տանում Եվրամիությանը անդամակցելու համար: Էրդողանի իշխանության գալու ժամանակ Թուրքիան գտնվում էր քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի մեջ: Նրան հաջողվեց կարճ ժամանակահատվածում կանգնեցենել թուրքական լիրայի ավանդական արժեզրկումը եւ ապահովել տնտեսության կայուն աճ: Նույնիսկ տնտեսության մեջ իրականացրած բարեփոխումները քննադատվեցին: Անգամ մասնագետները կասկածանքով էին վերաբերվում Թուրքիայի տնտեսության այս արագընթաց վերելքին, կապելով այն արաբական աշխարհից Թուրքիա մուտք գործող կասկածելի գումարների հետ, որոնք միլիարդավոր դոլարներ են կազմում: Ավելորդ չէ հիշեցնել, որ Թուրքիայի ներկայիս նախագահ Աբդուլահ Գյուլը 1980- ականներին աշխատել է Սաուդիան Արաբիայի զարգացման բանկի մասնաճյուղում:
ԱԶԿ-ի ղեկավարած տարիները բացի տնտեսական կայուն վիճակից, աչքի ընկան նաեւ քաղաքական որոշակի կայունությամբ: Սակայն պետք է հիշել, որ 2008-ին թուրքական հասարակության եւ աշխարհի ուշադրությունը սեւեռված էր Թուրքիայի սահմանադրական դատարանի որոշմանը: Թուրքիայի գլխավոր դատախազը դիմել էր սահմադրական դատարան՝ փակելու «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը եւ մի շարք կուսակցականների, որոնց թվում էր ԱԶԿ-ի առաջնորդ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանը, Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, 5 տարով արգելելու զբաղվել քաղաքականությամբ, քանի որ նրանք երկիրը շեղում են աշխարհիկ ուղուց եւ տանում իսլամականացման: Սահմանադրական դատարանը գլխավոր դատախազի հայցը մերժեց եւ որոշեց չփակել ԱԶԿ-ն:
Էրդողանի իշխանությանը լուրջ անհանգստություն է պատճառում «Էրգենեկոնի» գործը: Իսլամիստական ուղղվածության իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով «Էրգենեկոնի» գործի շրջանակներում ամբողջ Թուրքիայում իրականացվել է մոտ 200 ձերբակալություն: «Էրգենեկոնը» ենթադրյալ ահաբեկչական ընդհատակյա կազմակերպություն է, որը նախատեսել էր տապալել գործող իշխանությանը եւ իրականցնել հեղաշրջում: Թուրքական մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն «Էրգենեկոնում» նախատես էին սպանել նաեւ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին եւ Սեբաստիայի հայ համայնքի ղեկավարին, Թուրքիայի վարչապետ Էրդողանին եւ այլն: «Էրգենեկոնի» գործով երկրորդ դատավարությունը դեռ չսկսած թուրքական «Taraf» թերթում հունիսի 12-ին հրապարակվեց ենթադրյալ մի փաստաթուղթ՝ Թուրքիայի գլխավոր շտաբի հատուկ վարչության կողմից նախապատրաստված «Ֆունդամենտալիզմի դեմ պայքարի ծրագիր» անվամբ: Այն նախատեսում էր «Արադարություն եւ զարգացում» կուսակցության եւ Գյուլենի վերացման ծրագիրը: «Արդարություն եւ զարգացում» կուսակցության մասով ամեն ինչ պարզ է, իսկ ո՞վ է Գյուլենը։
Էրզրումում ծնված Ֆեթհուլահ Գյուլենը իսլամական շարժման ղեկավար, հոգեւոր քարոզիչ եւ փիլիսոփա է: Գյուլենի շարժումը համարվում է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կրոնական հենքը: Ֆեթհուլահ Գյուլենի շարժումը Թուրքիայի ամենազդեցիկ իսլամական շարժումն է եւ գործում է նաեւ երկրի սահմաններից դուրս:
Իր կազմավորման սկզբնական շրջանում այն սոցիալական շարժում էր, իսկ արդեն 90-ականներին վերածվեց իսլամական-սոցիալական խոշոր շարժման: Գյուլենի հակառակորդները համարում են, որ այդ շարժումը սպառնալիք է աշխարհիկ Թուրքիայի համար, քանի որ Գյուլենը հետամուտ է իսլամական գաղափարների: Սակայն Գյուլենը համարվում է չափավոր իսլամի կողմնակից, քանի որ նա գտնում է, որ իսլամը համատեղելի է արդիականության հետ: Ֆեթհուլահ Գյուլենը նշում է, որ ներկայիս մահմեդական աշխարհում գերակշռող իսլամական մշակույթը քաղաքական ասպարեզում գոյակցում եւ համագործակցում է ժողովրդավարական ձեւերի հետ եւ այդ մոդեռնացման եւ ժողովրդավարացման կոնցեպցիան չի նշանակում վերջնական արեւմտականացում: Նրա կարծիքով արեւմտյան քաղաքակրթությունից պետք է փոխառնել այն, ինչը օգտակար է եւ հնարավոր է կիրառել իսլամականի հետ:
2002 թվականին իշխանության գալուց հետո Էրդողանի քաղաքական գիծը ուղղվեց դեպի Եվրոպա եւ Ամերիկա: Սակայն դրա հետ մեկտեղ աչքաթող չարվեց իսլամական աշխարհը: Էրդողանի կառավարությունը շարունակում է զարգացնել բարեկամական հարաբերությունները իսլամական երկրների հետ: Այս համատեքստում Էրդողանը գտնում է, որ Թուրքիան պետք է կապող օղակի դեր կատարի Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ:
Այսպիսով ակնհայտ է դառնում, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ եւ Թուրքիայի վարչապետ, իսլամական հայացքների տեր Ռեջեփ Թայեփ Էրդողանը իրականացնում է քայլեր, որոնք որոշ չափով համահունչ են ժողովրդավարությանը, խոսքի ազատությանը կամ ավելի կոնկրետ՝ արեւմտյան արժեհամակարգին, որոնց վստահում է թուրք հասարակության մի ստվար հատված: Հետեւելով Էրդողանի ծավալած գործունեությանը, նրա ելույթների բովանդակությանը, կարելի է ասել, որ բացառված չէ, թե Էրդողանը ժողովրդավարությունը օգտագործում է որպես վահան՝ պաշտպանելու դանդաղ ընթացող իսլամական գործընթացը: Այսինքն, հնարավոր է, որ ժողովրդավարությունը Էրդողանի համար տրոյական ձի է, որի միջոցով նա փորձում է հասնել իր վերջնական նպատակին:
Անդրանիկ Իսպիրյան




























