Ռուսաստանի պատգամավորների եկամուտների վերահսկողության հանձնաժողովը մտահոգված է պատգամավորների կեղծ ամուսնալուծությունների մասին հաղորդումներով` հարկային հայտարարագրման փաստաթղթերի ներկայացնելուց առաջ: Փորձագետները չեն բացառում, որ նման մարտավարությունը կիրառվում է եկամուտների մի մասը թաքցնելու համար:

«Արդար Ռուսաստանից» պատգամավոր Իլյա Պոնոմարեւը հանձնաժողովին դիմում է ներկայացրել` պահանջելով ստուգել, օրինակ Վլադիմիր Ժիրինովսկիի` կնոջից բաժանվելու փաստը, ում հետ նա ամուսնացած էր արդեն 30 տարի:  Ժիրինովսկին էլ հայտարարել է, որ իրենք եկեղեցական ամուսնություն են  կնքել, ինչը չի պահանջում հիշատակում պաշտոնական փաստաթղթերում, մինչդեռ մեկ տարի առաջ նա կնոջ անունով նույնպես հայտարարագիր ներկայացրել էր:

Ապրիլին ներկայացված հայտարարագրից պարզ է դարձել, որ 450 պատգամավորներից 86-ը բաժանված են: 2011թ. տվյալների համեմատ, ընտանեկան կարգավիճակը փոխվել է ութ պատգամավորի մոտ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: