Իրաքում ԱՄՆ զորքերի հեռանալուց հետո առաջին ընտրություններն են ընթանում: Ընտրվում են իշխանության տեղական մարմինները, ընդ որում` 18 նահանգներից ապրիլի 20-ին քվեարկություն կայանալու է 12-ում:Սուննիական Անբար եւ Նայնավ նահանգներում քվեարկությունը հետաձգվել է անորոշ ժամանակով անվտանգության նկատառումներով, իսկ Իրաքյան Քրդստանում տեղական ընտրությունները հետաձգվել են մինչեւ սեպտեմբեր:

Ընտրությունների կապակցությամբ երկրում խստացվել են անվտանգության միջոցառումները շատ տեղամասեր շրջափակվել են բետոնե պատերով, որոշ շրջաններում ոստիկանական անցակետեր են դրվել: Արգելվում է առանց հատուկ թույլտվության մեքենաների երթեւեկությունը:

Նախօրեին Դիյալա նահանգում ականանետային գնդակոծման հետեւանքով աղոթքի ժամանակ զոհվել է 7 մարդ, եւս 10-ը վնասվածքներ են ստացել: Բացի այդ, Քիրքուքում պայթյունի հետեւանքով զոհվել է մեկ, վիրավորվել 15 մարդ: Ընտրություններից երկու օր առաջ ահաբեկչությունների ալիքը ողջ երկրում խլել է 40 մարդու կյանք: Ամենախոշոր հարձակումը եղել է Բաղդադի սպորտային սրճարանում, որտեղ 30 մարդ է զպանվել, վիրավորվել են 70-ը:

Քվեարկության իրավունք ունեն 13,8 մլն ընտրողներ: Նահանգների խորհուրդների 378 տեղերին հավակնում է 8 հազար թեկնածու: Նրանցից 150-ին հանել են ցուցակներից նախկին իշխող «Բաաս» կուսակցության հետ ունեցած կապերի համար: Եւս 13 թեկնածուի սպանել են վերջին շրջանում: