Ապրիլի 19-ին ժամը 11.40-ի սահմաններում ԼՂՀ ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում 19-ամյա Րաֆֆի Լեւոնի Մարաշլյանի դիազննությունն ավարտվել է: Հելսինկյան ասոցիացիայից Արման Վեզիրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել, դիակի վրա բռնության հետքեր չկան:
Նրա խոսքով` կրակոցը եղել է AKM տեսակի ինքնաձիգից` ծնոտի ներքեւի մասից վերեւ: Արման Վեզիրյանը շեշտեց, որ սա դեռեւս հիմք չի տալիս` պնդելու, թե զինվորը ինքնասպանություն է գործել: Նախնական վարկածով` զինծառայողը կրակել է իր ինքնաձիգից, բայց դեռեւս փորձաքննություն չի կատարվել: Երկուշաբթի օրը նրանք ավելի մանրամասն կանդրադառնան այս դեպքին:
Ի դեպ, որդու դիազննությանը ներկա է եղել նաեւ նրա հայրը, ում սիրտը, սակայն, չի դիմացել: Սենյակից դուրս գալով` նա ուշաթափվել է, ցուցաբերել են առաջին բուժօգնություն, ինչից հետո վերջինս հայհոյելով դուրս է եկել շենքից:
Մեզ հաջողվել է պարզել, որ Րաֆֆի Մարաշլյանն ընդունվել էր Երեւանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, ավարտել էր Մ.Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցը: Տանը կրտսերն էր, ուներ իրենից մեծ եղբայր: Մի ամիս առաջ զինծառայողը արձակուրդ էր եկել, եւ հոր խոսքով, շատ ուրախ, զվարթ էր, չէր բողոքել բանակային կյանքից: Ծնողները չեն հավատում, որ նա կարող էր ինքնասպանություն գործել:
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ժամը 11.40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել եւ տեղում մահացել 1994թ. ծնված Րաֆֆի Լեւոնի Մարաշլյանը: ՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Ապրիլի 19-ին ժամը 11.40-ի սահմաններում ԼՂՀ ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում 19-ամյա Րաֆֆի Լեւոնի Մարաշլյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: ՔՕ-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնել): Այդ հոդվածով սահմանվում է սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, որը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:
Լուսանկարը՝ Lragir.am-ի




























