Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հյուրընկալվելով Առաջին ալիքի «Գիտակներ» հաղորդմանը, պատմել է իր աշխատանքի յուրահատկության եւ իր ղեկավարի առանձնահատկությունների մասին։ Հարցին, թե ի՞նչ է նշանակում լինել պետության ղեկավարի մամուլի քարտուղար, Պեսկովը պատասխանել է. «Դա պետական ծառայություն է, դա նշանակում է լինել պետծառայող, լինել բյուրոկրատ, սակայն այդ բառի լավ իմաստով»։
«Նախեւառաջ պետք է հավաքել տեղեկություններ ու լինել նրանցից մեկն, ով զեկուցում է նախագահին, ինչը շատ պատասխանատու գործ է, քանի որ Պուտինի նման նախագահին մաակերեսային ինչ-որ բան զեկուցելն անհնար է, պարզապես, գիտեք, կջախջախի, երկաթյա տրամաբանություն ունի նա, մեծ գիտելիքներ», - խոստովանել է Պեսկովը։
«Պուտինը երբեք սուր հարցերից չի փախչում։ Թյուր կարծիք կա, թե Պուտինի շուրջ հավաքվածները նրան խնայում են, հեռու են պահում սուր հարցերից։ Սակայն ոչ մի արգելված թեմա գոյություն չունի», - ասել է մամուլի քարտուղարը։ Նա խոստովանել է, որ ինքը երբեմն խղճում է նախագահին։ «Սակայն նա ինքն իրեն չի խղճում, այդ առումով նա բացարձակ աշխատասիրություն ունի, այդ պատճառով էլ պետք է հասցնել նրա հետեւից», - ժպիտով հավելել է Պեսկովը։ Հաղորդավար Յուրի Վյազեմսկիի դիտարկմանն ի պատասխան, թե՝ այդքանով հանդերձ, Պուտինը լավ մարզական վիճակում է, Պեսկովն ասել է. «Փայլուն. մենք դժվարությամբ ենք հասնում նրա հետեւից», գրում է NEWSru.com-ը։
Եկող շաբաթ՝ ապրիլի 25-ին, Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիների հետ ավանդական «ուղիղ գիծը» կանցկացնի։




























