Հայաստանի ԱԳ նախկին նախարար, Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը կասկածում է երկրի տնտեսական աճի վերաբերյալ կառավարության կողմից ներկայացվող տվյալներին: Իր կարծիքը նա արտահայտել է այսօր՝ ապրիլի 20-ին, Երեւանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

Օսկանյանը նշել է իրականության երեք փաստ՝ երկրում դժգոհ քաղաքացիների մեծ թիվ, ովքեր փոփոխություններ են պահանջում, ըստ հարցումների անհապաղ արտագաղթելու ցանկություն ունեցող 40 տոկոս բնակչություն եւ վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակում: «Սա նշանակում է, որ, իշխանությունների կարծիքով, ամեն ինչ լավ է եւ ոչինչ փոխել պետք չէ»,-ասել է նա:

Անդրադառնալով իշխանությունների կողմից ներկայացվող 7 տոկոս տնտեսական աճին, Օսկանյանը հայտարարել է, որ այդ թվյալները շատ հեռու են իրականությունից եւ փաստն այն է, որ կառավարությունն անհրաժեշտ ցուցանիշն ապահովել է միայն թղթի վրա: «Իրականում «տնտեսական աճը» ոչ միայն չի զգացվում որեւէ ոլորտում, այլեւ հակառակը, աչքի առաջ է հետընթացը»,-ասել է ԲՀԿ-ական թեկնածուն՝ հավելելով, որ նմանատիպ ցուցանիշները զգալի չափով գնաճի հետ խաղալու եւ այլ մեքենայությունների արդյունք են: