Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ, 52-ամյա Արմեն Կաբալյանն ապրիլի 18-ին, ժամը 17.20-ի սահմաններում, դատարանի մեկուսարանից դիմել է փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի 1-ին մասով, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ովքեր որեւէ տեղեկություն ունեն հետախուզվողի գտնվելու վայրի մասին կարող են դիմել ոստիկանության Մաշտոցի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով:

Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է: