Հայաստանի կառավարությունը չի կատարել խոստացված ծրագիրը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ Երեւանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

Անդրադառնալով ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի համատեղ նիստում կայացված որոշմանը, որով Տիգրան Սարգսյանը առաջադրվել է վարչապետի պաշտոնի համար, Նաիրա Զոհրաբյանը նկատել է, որ այդ որոշումը ոտնահարել է բնակչության մեծ մասի ցանկությունները եւ չի տեղավորվում սթափ տրամաբանության շրջանակներում: «Կառավարությունը չի կատարել խոստացված ծրագիրը: Մարդկանց հոսքը գերազանցել է 260 հազարի սահմանագիծը, աղքատությունը գերազանցում է 36 տոկոսը, գործազրկությունը աղետալի չափերի է հասել, աշխատավարձերն իրականում չեն աճում, այլ նվազում են՝ հաշվի առնելով գնաճը»,-նշել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ կառավարության նպատակները չեն համընկնում բնակչության նպատակների հետ: Նրա խոսքով՝ եթե իշխանությունների նպատակը լինել ժողովրդի բարեկեցությունը, վերանշանակումների որոշում չէին կայացվի, իսկ մեղավորները լուրջ պատասխանատվության կենթարկվեին:

Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի հայտարարությանը, թե իշխող կուսակցությունն է թելադրում խաղի կանոնները, Զոհրաբյանը նկատել է, որ խաղի կանոնները կարող է թելադրել միայն ժողովուրդը եւ կոչ է արել առաջիկա ընտրություններում ցույց տալ, թե ով է երկրում իրական տերը: