Հայաստանի ՊՆ քննչական ծառայությունը մանրամասներ է հայտնել Արցախում զինվորի մահվան գործից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանն ասաց, որ  ապրիլի 19-ին ժամը 11:40-ի սահմաններում N զորամասի մարտական դիրքում, հերթափոխը հանձնելուց հետո, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Րաֆֆի Լեւոնի Մարաշլյանն, ըստ  նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ծնոտի տակից ինքն իրեն հասցրել է հրազենային վիրավորում եւ մահացել:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով /ինքնասպանության հասցնելը/ հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Կատարվել են դեպքի վայրի եւ դիակի արտաքին զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

«Րաֆֆի Լեւոնի Մարաշլյանի դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում իրականացված դիակի արտաքին զննությամբ, բացի հրազենային մարմնական վնասվածքից այլ վնասվածքներ (քերծվածքներ, արյունազեղումներ) չեն հայտնաբերվել: Դիակի վրա առկա է գլխի հրազենային գնդակային միջանցիկ վնասվածք: Վնասվածքի մուտքը՝ ստորկզակային պարանոցային հատվածի առաջային մակերեսից, ելքը՝ գլխի գագաթային շրջանից: Ր.Մարաշլյանի մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների սուր խանգարումից»,- հայտնեց Մերի Սարգսյանը:

Մանրամասները կտրվեն եզրակացությամբ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Րաֆֆիի հարազատները չեն հավատում, որ իրենց որդին ինքնասպան է եղել:

Նշենք, որ ապրիլի 19-ին ժամը 11.40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել եւ տեղում մահացել 1994թ. ծնված Րաֆֆի Լեւոնի Մարաշլյանը: ՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: