Համացանցում հայտնվել է մի տեսահոլովակ, որում ակնհայտ երեւում է, թե ինչպես է Ադրբեջանում կրթվում երիտասարդ սերունդը, եւ ինչպես է երիտասարդությունը վերաբերվում ուսուցիչներին:
Ինչպես հաղորդում է www.1news.az-ը, Youtube-ում տեղադրված տեսանյութում երեւում է, թե ինչպես են Բաքվի դպրոցներից մեկի աշակերտները ծաղրում ուսուցչին: Տեսանյութում, որը բջջային հեռախոսով է նկարահանվել, երեւում է, թե ինչպես են աշակերտները սկսում պարել դասարանում, անտեսելով ուսուցչի նկատողությունները, ով այդ պահին դասարանում է եղել:
Ուսուցիչը տեսնելով աշակերտների նման պահվածքը` փորձում է լքել դասարանը, բայց աշակերտները խոչնդոտում են նրան, թույլ չեն տալիս դուրս գալ եւ հրավիրում են միանալ իրենց պարին: Արդյունքում ուսուցիչը ստիպված մի կողմ է քաշվում եւ սկսում է հետեւել կատարվածին: Այդ միջադեպը տեղի է ունեցել 226-րդ դպրոցի 11-ի բ դասարանում:
Դպրոցի տնօրեն` Ալի Մամեդովը, մեկնաբանել է այդ միջադեպը: Ըստ նրա` այն տեղի է ունեցել 2011թ.-ի ամռանը վերջին զանգից առաջ դասղեկի դասի ժամանակ: Երեխաները վերջին զանգին են պատրաստվել: Իբր նրանք սկսել են պարել միայն դասի վերջանալուց հետո, ինչի համար էլ ուսուցիչ Զիյադդին Աբբասովն առաջարկել է փորձը շարունակել դպրոցի դահլիճում: Բայց աշակերտներն ուսուցչի առաջարկությանն ուշադրություն չեն դարձրել: «Այս միջադեպի կապակցությամբ` մենք բացատրություն ենք պահանջել ուսուցչից: Շատ ափսոս, որ պատահածի մասին մի քանի օր առաջ ենք իմացել: Այդ աշակերտներն արդեն ավարտել են դպրոցը: Կաշխատենք, որ հետագայում նման բան այլեւս չկրկնվի»,-ասել է Մամեդովը:




























