Բոսթոնի ահաբեկչության գաղափարական ոգեշնչողն ու կազմակերպիչը եղել է Ցարնաեւ ավագը՝ Թամերլանը, ով սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ: Այս մասին հարցաքննության ժամանակ պատմել է Ցարնաեւ կրտսերը՝ Ջոհարը: Ինչպես հաղորդում  CNN հեռուստաալիքը, Ցարնաեւը հայտնել է նաեւ, որ ինքն ու եղբայրը գործել են միայնակ եւ առնչություն չեն ունեցել միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ, հաղորդում է «Ռոսբալտը»:

Associated Press-ի փոխանցմամբ՝ վերջին տարիներին Ցարնաեւներն ակտիվորեն հետաքրքրվում էին իսլամով, նրանք պայթուցիկ սարքեր պատրաստել են սովորել համացանցից:

Նոր փաստեր են ի հայտ եկել Թամերլան Ցարնաեւի կյանքից: Նա Քեմբրիջ քաղաքի մզկիթում երկու անգամ խանգարել է աղոթքը՝ վիճաբանության մեջ մտնելով քարոզիչի հետ: Առաջաին անգամ նրան դուր չի եկել, երբ իմամը մահմեդականներին խնդրել է նշել ամերիկյան ազգային տոները, որոնցից են Անկախության օրն ու Հոգաբանության օրը: Երկրորդ անգամ նա վիճաբանության մեջ է մտել իմամի հետ 2013-ի հունվարի 18-ին. նա քարոզիչին «կեղծավոր» է անվանել, երբ վերջինս հայտարարել է, որ սեւամորթների իրավունքների պաշտպան Մարթին Լյութեր Քինգը մեծ մարդ է եղել, հաղորդում է Vesti.ru-ն:

Որոշ կոնգրեսականներ ԱՄՆ նախագահ Օբամային կոչ են արել Ցարնաեւին դատել ռազմական օրենքներով, ինչպես Գուանտանամոյի բազայի դատապարտյալներին: Հիշեցնենք, որ Բոսթոնում ահաբեկչության իրականացման մեջ կասկածվում են չեչեն Ցարնաեւ եղբայրները: Նրանցից ավագը` Թամերլանը սպանվել էր ապրիլի 19-ին, հատուկ գործողությունների ժամանակ:

ԱՄՆ իշխանություններն ապրիլի 22-ին պաշտոնապես մեղադրանքներ են առաջադրել Ջոհար Ցարնաեւին: Մեղքն ապացուցվելու դեպքում Ջոհար Ցարնաեւին սպառնում է ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում կամ մահապատիժ: Առաջին դատական լսումները նախատեսված են մայիսի 30-ին: