Կանադայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները երկու մարդկանց ձերբակալման եւ դավադրության բացահայտման մասին են հայտնել, որի մասնակիցները լուրջ ահաբեկչության են պատրաստվել: Ձերբակալվածներին` Չիհեբ Էսսեգհայերին եւ Ռայեդ Ջասերին, ահաբեկչություն կատարելու եւ ահաբեկչական խմբի թելադրանքով մարդկանց սպանության մեղադրանք է ներկայացվել:

CBC News-ի բարձրաստիճան աղբյուրներից հայտնի դարձավ, որ դավադրություն կազմակերպողներն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ գտնվում են Քվեբեկ եւ Օնտարիո նահանգների իրավապահ մարմինների հսկողություն տակ, հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:

Ինչպես հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Ջենիֆեր Ստրեչանը Տորոնտոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ` 30-ամյա Չիհեբ Էսսեգհայերը եւ 35-ամյա Ռաեդ Ջասերը մտադիր են եղել ինքնաշեն պայթուցիկ սարք դնել կանադական Վիլա Ռեյլ կազմակերպությանը պատկանող Տորոնտո-Նյու-Յորք գնացքի ճանապարհին, հայտնում է «Իտար-Տասսը»:

Դաշնային ոստիկանության ղեկավարի օգնական Ջեյմս Մալիզիան պարզաբանել է նաեւ, որ ձերբակալվածները ցուցումներ եւ կարգադրություններ են ստացել Պարսկաստանում «Ալ-Կաիդա» հանցախմբից: Միաժամանակ Մալիզիան ընդգծել է, որ կանադական հատուկ ծառայությունները ոչ մի տեղեկություն չունեն այն մասին, որ պլանավորած ահաբեկչությանը մասնակից է ինչ-որ երկիր: Կանադայի իրավապահ մարմինների աշխատակիցները վստահեցնում են, որ իրեց կողմից ձերբակալվածները ոչ մի կապ չունեն Ցարնայեւ եղբայրների հետ: Ձերբակալվածները Կանադայի քաղաքացիներ չեն, ըստ ոչ պաշտոնական տվյալների Էսսեգհայերը Թունիսից է:

Ահաբեկչության կանխարգելման գործընթացը, որին մասնակցում էին ոստիկանության աշխատակիցները, Անվտանգության ծառայության աշխատակիցները, հետախուզական եւ Սահմանապահ ծառայության աշխատակիցները, կորդինացվել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության ծառայության եւ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ: