Վանաձորում անչափահաս աղջկան պոռնկության մեջ ներգրավելու, նրանց տարբեր շոքեբաղնիքներ տանելու համար մեղադրվող աղջիկների եւ տաքսու վարորդների դատական քննությունը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակիցը տեղեկացավ Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Ըստ մեղադրական եզրակացության, 25-ամյա Ա. Հ.-ն հանդիսանալով 18 տարին լրացած անձ, 2012թ. ապրիլի 12-ից 19-ն ընկած ժամանակահատվածում 17-ամյա Կարինեին ներգրավել է պոռնկությամբ զբաղվելու մեջ՝ վերջինիս խորհուրդներ է տվել, իր հետ տարել Վանաձոր քաղաքի տարբեր շոգեբաղնիքներ, ծանոթացրել իրեն ծանոթ տղամարդկանց հետ, ինչի արդյունքում Կարինեն շահադիտական նպատակով սեռական հարաբերություններ է ունեցել նրանց հետ եւ վաստակել գումար։
Կարինեին՝ պոռնկությամբ զբաղվելուն օգնել է նաեւ Ա. Մ-ն, ով եւս հանդիսանալով 18 տարին լրացած անձ, 2011թ. հոկտեմբերից մինչեւ 2012թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում նրան ներգրավել է պոռնկությամբ զբաղվելու մեջ:
Գործով որպես մեղադրյալ են անցնում նաեւ տաքսու երկու վարորդներ, որոնք շահադիտական նպատակով, իրենց անձնական ավտոմեքենաներով Վանաձոր քաղաքի շոգեբաղնիքներ տանելով, պոռնկությամբ զբաղվելուն ներգրավել են անչափահաս Կարիներին՝ իրենց մատուցած ծառայությունների համար յուրաքանչյուր անգամ վերցնելով 2-4 հազար դրամ։ Հերթական նիստը տեղի կունենա այսօր:




























