Մանկավարժական համալսարանում կայացել է «Սեւ գիրք. նշանավոր օտարերկրացիները թուրքական ոճիրների եւ Հայոց ցեղասպանության մասին» գրքի` ռուսերեն հրատարակության շնորհանդեսը:
Համալսարանից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհանդեսին ներկա էին գրքի հեղինակ, գրականագետ, հրատարակիչ Ալբերտ Իսոյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Հայաստանի ԳԱԱ իսկական անդամ Վլադիմիր Բարխուդարյանը, գրքի խմբագիր, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը, ՀՀ կրթության գլխավոր պետական տեսուչ Արամ Կարապետյանը, բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, դասախոսներ եւ ուսանողներ:
Կարեւորելով գրքի օտարալեզու հրատարակություններն ու դրանցից մեկի շնորհանդեսը Մանկավարժականում` բուհի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը նշել է. «Սեւ գիրք»-ն ունի բացառիկ կարեւոր, ազգային նշանակություն: Օտարազգի մեծագույն հեղինակություններն այս գրքում անկեղծ, որոշակի շեշտադրումներով եւ լուրջ գնահատականներ տալով են խոսում մեր ժողովրդի մեծագույն ողբերգության մասին: Վստահ եմ` գրքի այլ լեզուներով` հատկապես թուրքերեն եւ անգլերեն հրատարակությունները միջազգային հանրությանը եւս մեկ անգամ հնարավորություն կտան ադրադառնալ, վերլուծել Մեծ Եղեռնը»:
ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն, ընդգծելով, որ գրքում շարադրված յուրաքանչյուր տողատակում հայի ցավն է, նկատել է. «Ժամանակակից Թուրքիան առաջնորդվում է Ցեղասպանության ժխտմամբ եւ մարդատյաց քաղաքականությամբ: Նրանք շարունակում են կրել Օսմանյան կայսրության գաղափարախոսությունն ու մերժում ժամանակակից աշխարհի արժեքները»:
Փոխնախարարը վստահեցրել է` ամեն ինչ կանեն գիրքն այլ լեզուներով տպագրելու, առավել մասսայական դարձնելու համար:
Գրքի հեղինակ Ալբերտ Իսոյանն ուրախությամբ նշել է, որ առաջիկայում գիրքը լույս կտեսնի նաեւ արաբերեն, իսպաներեն եւ այլ լեզուներով:
Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվել է նաեւ Մանկավարժական համալսարանի դասախոս, ռեժիսոր Խաչիկ Չալիկյանի` համանուն` «Սեւ գիրքը» կարճամետրաժ ֆիլմը:
Նշենք, որ «Սեւ գիրք. նշանավոր օտարերկրացիները թուրքական ոճիրների եւ Հայոց ցեղասպանության մասին» նյութերի ժողովածուն ներկայացնում է 1894-1923թթ հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական իրադարձությունների վերաբերյալ նշանավոր օտարերկրացի դիվանագետների,պետական-քաղաքական գործիչների, գրողների, պատմաբանների, միսիոներների զեկուցագրերը, ելույթները, հոդվածները թուրքական ոճիրների եւ հայոց ցեղասպանության մասին: Գրքի մեկենասն է ՀՀ վարչապետ, Մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի անդամ Տիգրան Սարգսյանը:




























