Երեւանի ավագանու ընտրությունների ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը դատապարտում է ցանկացած բռնություն եւ անթույլատրելի է համարում քարոզարշավը խոչընդոտող ցանկացած ոտնձգություն, միաժամանակ ընտրարշավին մասնակից բոլոր ուժերին կոչ է անում շարունակել քաղաքակիրթ քարոզարշավ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը՝ անդրադառնալով ՀԱԿ-ի քարոզարշավի մասնակից երիտասարդների դեմ բռնության դեպքին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 22-ին, Աջափնյակում 17-րդ թաղամասում՝ դեպի Սիլիկյան թաղամաս տանող խաչմերուկի մոտ 20 երիտասարդներ հարձակվել են բուկլետներ բաժանող ՀԱԿ ակտիվիստների վրա: Հարձակվողները ծեծել են ՀԱԿ ակտիվիստներից մեկին, րան հիվանդանոց տեղափոխելու համար շտապօգնության մեքենա են կանչել:
Հայտարարությամբ է հանդես եկել ՀԱԿ կուսակցությունը, նշելով. «Սա արդեն չորրորդ դեպքն է, երբ բռնության գործադրմամբ փորձ է արվում խոչընդոտել Հայ ազգային կոնգրեսի քարոզարշավն ու նախընտրական միջոցառումները։ Երեք դեպքում դրա հեղինակները իրենք ներկայացել են ՀՀԿ-ի անունից, չորրորդ դեպքում, քաղաքապետարանի մոտ նախընտրական միջոցառումը խոչընդոտողի դերում հանդես է եկել հենց ինքը՝ ոստիկանությունը։ Ընդ որում առ այսօր քաղաքապետական ընտրությունների քարոզարշավին մասնակից ուրիշ որեւէ քաղաքական ուժի քարոզիչներ ու ակտիվիստներ որեւէ խոչընդոտի չեն հանդիպել:
Վարչախումբը խուճապի մեջ է, եւ այդ խուճապը կապված է Կոնգրեսի վերջին համագումարի ու դրա անհանգստացնող քաղաքական ռեզոնանսի հետ։ Վարչախմբի խուճապը վկայություն է նաեւ այն իրողության, որ մայրաքաղաքի ընտրություններում ընդդիմության հաղթանակը, իրոք, կարող է լուծել Հայաստանում ամբողջական իշխանափոխության հարցը։ Ըստ այդմ՝ ակնհայտ է, որ պետական կառույցներից սկսած մինչեւ հանրապետականի շարքերում գտնվող կամ նրա հովանու տակ գործող թաղային թափթփուկների հստակ քաղաքական հրահանգ է իջեցված՝ ամեն կերպ խոչընդոտել Կոնգրեսի քարոզարշավը։ Այդ հրահանգը իջեցվել է ամենավերեւից, եւ, անկախ այն բանից, թե ով է իրականացնում այդ պատվերը՝ ոստկանական ուժերը, թե թաղային խուժանը, նա անձնավորում է վարչախմբի պարագլուխ Սերժ Սարգսյանին»,- նշել են հայտարարության հեղինակները»:




























