Հայաստանում եւ Արցախում հաստատված սիրիահայերի աջակցությանն ուղղված «Օգնիր եղբորդ» նախաձեռնության պատասխանատուներ Վահան Հովհաննիսյանը, Լիլիթ Գալստյանը եւ Խաչիկ Ջոզիկյանն այցելել են սիրիական կրթական ծրագրով ուսուցում իրականացնող Կիլիկյան վարժարան:
Կիլիկյան վարժարանում 1-9-րդ դասարաներում սովորում են շուրջ 300 սիրիահայ երեխաներ:
Նախաձեռնության անդամները վարժարան էին այցելել կրթական գործընթացին ծանոթանալու, ինչպես նաեւ խոստացված նվերը աշակերտներին փոխանցելու համար: «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը Կիլիկյան վարժարանի բոլոր աշակերտներին նվիրել է «Մեծն Ներսես» բարեգործական հիմնադրամի կողմից հատկացված Toms սպորտային կոշիկներ` խոստանալով ապագայում եւս անակնկալներով ուրախացնել վարժարանում իրենց կրթությունը շարունակող սիրիահայ երեխաներին եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահել նրանց խնդիրները:




























