ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գործընկերներ հանուն Ֆինանսական կայունության» (PFS) ծրագիրը ապրիլի 23-ին նշել է ծրագրի հաջող ավարտը Հայաստանում:

PFS ծրագիրը տարածաշրջանային եռամյա նախաձեռնություն էր (2010-2013թթ), որի նպատակն էր առճակատել վերջին տարիների գլոբալ ֆինանսական ճգնաժամին եւ խթանել ֆինանսական ոլորտի կայունությունն ու զարգացումը Եվրոպայի եւ Եվրասիայի 12 գործընկեր պետություններում, այդ թվում` Հայաստանում:

Վերջին երեք տարիների ընթացքում ծրագիրը համագործակցել է ՀՀ կառավարության, ՀՀ կենտրոնական բանկի, մասնավոր հատվածի, բիզնես ասոցիացիաների եւ ֆինանսական ոլորտի այլ շահագրգիռ կողմերի հետ` բարեփոխելու այն ընթացակարգերը, որոնք սահմանափակում են ձեռնարկությունների մրցունակությունը Հայաստանում: Ծրագիրը նաեւ օգնել է հետազոտել եւ փորձարկել նորարարական լուծումներ ուղղված ֆինանսական ոլորտի տարբեր հատվածներին: PFS-ը աջակցել է ՀՀ կառավարությանը հիմնել Արտահանման վարկավորման գործակալությունը, աջակցել է ՀՀ կենտրոնական բանկին մշակելու Դիլիջանի հետազոտական եւ ուսումնական կենտրոնի հայեցակարգը, զարգացրել է ԿԲ-ի ճգնաժամային պատրաստվածության կարողությունները, ինչպես նաեւ օժանդակել է ֆինանսների նախարարությանը բարելավել հաշվապահական եւ աուդիտորական ծառայությունների որակը:

PFS-ը աշխատել է մասնագիտական ասոցիացիաների հետ` նորացնելու ֆինանսական հաշվետվության ստանդարտները եւ հիմնելու էլեկտրոնային գրադարան` ֆինանսական ոլորտի մասնագետների համար: PFS-ը նաեւ նպաստել է պետական եւ մասնավոր գործընկերների միջեւ երկխոսությանը` միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների համար ֆինանսական ծառայությունների հասանելության խնդիրների լուծման նպատակով:

Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը, ՀՀ կառավարության եւ ՀՀ կենտրոնական բանկի բարձրաստիճան անձինք, մասնավոր հատվածի, մասնագիտական ասոցիացիաների եւ այլ դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ միջազգային ֆինանսական կառույցների անդամներ, որոնք զբաղվում են մասնավոր հատվածի մրցունակությանն ու կայուն տնտեսական աճին ուղղված ֆինանսական միջնորդությամբ: PFS-ի հայաստանյան համակարգողը ներկայացրել է ծրագրի նվաճումները, քաղված դասերը եւ ձեռնարկությունների մրցունակությունը խոչընդոտող հիմնական ֆինանսական մարտահրավերները: