«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի բացառում համագործակցությունը այլ քաղաքական ուժերի հետ Երեւանի ավագանու ընտրություններից հետո:

ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը ապրիլի 23-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է. «Իսկ ինչո՞ւ ոչ, հատկապես եթե կան համադրվող շահեր, առավել եւս որ հիմա էլ կան ուժեր, որոնք հայտարարում են ընտրությունների որակի ապահովման շահագրգռության մասին»: Մամուլի քարտուղարը խոստացավ կուսակցության կարծիքը հայտնել այն ժամանակ, երբ քննարկումներ կկայանան եւ որոշում կընդունվի:

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկած միացյալ ճակատի վերաբերյալ էլ Տիգրան Ուրիխանյանը նշեց, թե ԲՀԿ-ն պատրաստ է ցանկացած պահի համագործակցել ցանկացած ուժի հետ, որը ներկայացնում է ժողովրդի շահերը, եւ իրացնել համատեղ ծրագրեր, եթե չկան լուրջ գաղափարական տարաձայնություններ: «Բայց դրա համար հարկավոր է գործողությունների ծրագիր եւ քաղաքական օրակարգ, երբ դա լինի, կարձագանքենք»,- ասել է նա:

Հարցին` հնարավոր է ԲՀԿ-ն մտնի իշխանական կոալիցիայի մեջ, Ուրիխանյանը պատասխանել է. «Մեր կուսակցությունը երբեք որեւէ պաշտոն չի վերցնի, եթե դրանից չի փոխվի իրավիճակը երկրում եւ քաղաքացիների կյանքի որակը»: