Տնտեսական հետազոտությունները, որոնք նաեւ հաշվարկներ են պարունակում, մաթեմատիկական հաշվարկներից տարբերվում են նրանով, որ այնտեղ հնարավոր են սխալներ, ոչ ճիշտ եզրահանգումներ:

ԱՄՆ Մասաչուսեթսի համալսարանի աշխատակիցները նկատել են, որ ԶԼՄ-ների կողմից բազմիցս մեջբերված տնտեսագետներ Կարմեն Ռեյնհարտի (Carmen Reinhart)  եւ Քեննեթ Ռոգոֆի(Kenneth Rogoff) եզրահանգումները` պետական պարտքի բարձր մակարդակ ունեցող երկրներում ՀՆԱ-ի աճի նվազման վերաբերյալ, հիմնված են  եղել ոչ ճշգրիտ հաշվարկների վրա: Տնտեսագետներին ուղղված քննադատական հոդվածը հրապարակվել է PERI հետազոտական կենտրոնի ամսագրում, իսկ նրա կարճ բովանդակությունը ներկայացրել է «Business Insider»-ը:

Թոմաս Հերդոնի (Thomas Herndon)  ղեկավարությամբ մասնագետների խումբը, Ռենհարտի եւ Ռոգոֆի տվյալներն ստանալու բազմաթիվ անհաջող փորձերից հետո հեղինակներից ստացել է նրանց  ֆայլերը` «Excel» ձեւաչափով եւ  պարզել, որ  հաշվարակները սխալ են պարունակում, որոնք հանգեցրել են արդյունքներից մի քանի երկրների դուրս մնալուն, ընդ որում, այդ սխալներևն «աշխատել են» թվացյալ աճի նվազման օգտին:

Նոր հրապարակման հեղինակները նշում եմ, որ մեթոդաբանության ճշգրտումից հետո պարտքի մեծ մակարդակ ունեցող երկրները բացասական աճի փոխարեն դրական են ցույց տվել:

Նշենք, որ Ռեյնհարտն ու Ռոգոֆը  2010 թ-ին հրապարկել էին տնտեսական աճի եւ պետական պարտքի մակարդակի հարաբերակցության վերլուծություն: Աշխատանքը հիմնված է  եղել 19 երկրների եւ տարածաշրջանների ցուցանիշների վրա: Մասնավորպես, հաշվի են առնվել ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Նոր Զելանդիայի, Կանադայի, Ավստրալիայի եւ եվրոպական մի քանի երկրների ցուցանիշները:

Ավելացնենք, որ ոչ պակաս սխալ կլինի տարածել նոր, արդեն ճշգրտված տվյալները: Դժվար չէ նկատել, որ հետազոտությունն իրականացվել է զարգացած երկրների մասով: Այսպիսով հարցական է, «զարգացող երկրներում»,  որտեղ կոռուպցիայի բարձր մակարդակ է առկա, պետական պարտքի բարձր մակարդակն ուղեկցվում է արդյոք տնտեսական աճով, թե ոչ...