Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած կրակոցներին:  Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դեպքի մանրամասներին չի տիրապետում, չգիտի, թե ովքեր են, ում մասին է խոսքը: «Եղել է հանցագործություն, մարդիկ պետք է զբաղվեն դրանով, ոչինչ չունեմ ավելացնելու: Հանցագործները պետք է պատժվեն»,- ասաց նա:

Հարցին, թե խոսե՞լ եք Վարդան Ղուկասյանի հետ այս դեպքի վերաբերյալ, նա պատասխանեց, որ Գյումրիի նախկին քաղաքապետի հետ նախկինում, իհարկե, խոսել է, իսկ այս դեպքի հետ կապված ուժային կառույցների ղեկավարների հետ է զրուցել, տեղեկացրել են, որ նման դեպք է եղել, մանրամասները կճշտեն եւ կհայտնեն:

Նախկինում ուժային կառույցում աշխատած մարզպետը շեշտեց, որ բնականաբար ձերբակալություններ կլինեն, ինչպե՞ս կարող են չլինել:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինս հիվանդանոցում մահացել է:

Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մասնավորապես, գյումրեցիների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն` փետրվարի 10-ին Վարդան Ղուկասյանի եղբորորդի Նիկոլայ Ղուկասյանին գլխին երկաթե ձողով հարվածել է հենց «Քավոր Հարութի» որդին: Իսկ «Քավոր Հարութի» ընտանիքը մոտ հարաբերությունների մեջ է ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ: Մասնավորապես «Քավոր Հարութը» տարիներ առաջ սպանված քրեական հեղինակություն «Ավտոկայանի Սերոբի» քավորն է եղել: Իսկ «Ավտոկայանի Սերոբը» ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբայրն է:

Ասում են, որ «Քավոր Հարութը» շատ հայտնի է Գյումրիում:

Վարդան Ղուկասյանը NEWS.am-ին հայտնել էր, որ «դա փողոցային խոսակցություն է»: