Տավուշի մարզի Բերդավան գյուղում երեկ` ապրիլի 23-ին, ինքնասպանության փորձ կատարած 31-ամյա Ն. Ա.-ն առաջին անգամը չէ, որ դիմում  է  այդ  քայլին: Նրա դաստակից մինչեւ արմունկ ընկած հատվածում չկա մի միլիմետր, որ սպի չլինի:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդավանի գյուղապետ  Արարատ Գաբրիելյանը: Նա տեղեկացարեց, որ Ն. Ա.-ն ապրում է մոր եւ եղբոր հետ, սակայն ինքն ու եղբայրը հոգեկան խնդիրներ ունեն:

Եղբոր մոտ խնդիրներն էլ ավելի սրված են: «Եղբայրն իր սենյակի պատերը քանդել է, ասում է, որ չար հոգիներ կան, իրեն հետեւում են: Մարդկանց ասում է, որ Հռոմից է եկել, իսկ այստեղ սատանաներ կան»,- պատմեց գյուղապետը եւ ավելացրեց, որ ընտանիքում աշխատում է  միայն մայրը, իսկ հայրը տարիներ առաջ անչափահաս երեխաներին  թողել է եւ հեռացել անհայտ ուղղությամբ:

Արարատ Գաբրիելյանի խոսքով՝ առաջինն ինքն է հասել դեպքի վայր եւ երկար զրուցել է Ն.Ա-ի հետ: «Նա նաեւ շատ հասուն մտածողություն ունի: Մի ժամից ավելի հետը խոսել եմ ու ինձ համար բացահայտումներ արել: Կարող է 100 մարդու հետ զրուցեի 98-ը այդ կարգի խելացի, սառը դատողություններ չունենային: Ես նույնիսկ ասացի, որ չէի մտածի, որ դու այսքան խելացի ես, թեեւ արածդ քայլերը դրան չի համապատասխանում: Նույնիսկ խնդաց եւ ասաց, թե դու կարծում ես գիժ եմ, չեմ հասկանում ինչ եմ անում: Ինչ էլ անում եմ, ինադու եմ անում:  Խոսելով պատճառների մասին ասաց, որ ինքը չի պատկերացրել, որ իր անձնական կյանքը այսպես կդասավորվի»,- մանրամասնեց գյուղապետը եւ ավելացրեց, որ աղջիկը ամուսնացած չի եղել եւ ներկա պահին ուզող էլ չունի:

Ինքնասպանության փորձերից հետո փորձել են  բուժման նպատակով քրոջը եւ եղբորը տեղափոխել հոգեբուժարան, սակայն տարբեր պատճառաբանություններով նրանց չեն ընդունել: Եղբայրը նույնիսկ անձնագիր էլ չունի: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 22-ին, ժամը 13.48-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Աթոյանից ահազանգ էր ստացվել, որ նա սպառնում է ինքնասպանություն գործել՝ կտրելով երակները, անհրաժեշտ է շտապօգնություն: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 31-ամյա Ն. Աթոյանը գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում: Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության ծառայության աշխատակիցները, ովքեր Ն. Աթոյանին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: