1915 թվականի իրադարձությունները ողբերգություն են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատար Հայդար Ալ-Սումեդային:
«Մենք համակրում ենք հայ ժողովրդին եւ մեր աջակցությունն ենք ցուցաբերում: Անցյալ դարասկզբին կատարված իրադարձությունները ողբերգություն են»,- նշել է Ալ- Սումեդային:
1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կ. Պոլսում ձերբակալել եւ գլխատել են հայ ողջ մտավորականությունը, դարձել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու օր: Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ընդունել եւ դատապարտել են Ուրուգվայը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Կիպրոսը, Սլովակիան, Արգենտինան, Կանադան, Վատիկանը, Լիբանանը, Չիլին, Շվեդիան եւ մի շարք այլ պետություններ:
Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ընդունել եւ դատապարտել են ԱՄՆ 50 նահանգներից 44-ը, որտեղ ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու օր: Նման որոշում ընդունել են նաեւ Ուելսը, Շոտլանդիան, Իռլանդիան, եւ Ավստրալիան: Ռուսաստանն երկու անգամ պաշտոնապես ընդունել եւ դատապարտել է Հաոց ցեղասպանությունը: Ամեն տարի ապրիլի 24-ին հայերին ուղերձով դիմում է նաեւ ԱՄՆ նախագահը:




























