ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է արել նախագահ Բարաք Օբամային կատարել իր խոստումն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտնում է «Ասպարեզ» թերթը:
Կոնգրեսականն իր նամակում հիշեցնում է, որ սենատոր եղած ժամանակ Օբաման աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Ամերիկան չպետք է ասոցացվի ցեղասպանության ժխտման հետ: Հայոց ցեղասպանության զոհերը արժանի են ճանաչման»,- ասել է Շերմանը եւ հավելել, որ ճանաչումն առաջին քայլն է ապագայում ցեղասպանությունների կանխարգելման համար:
Հիշեցնենք, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանի նկատմամբ hայերի ցուցաբերած համակրանքն օգտագործեցին որպես պատրվակ` ողջ հայ բնակչությանը երկրի ներքին թշնամի հայտարարելու համար: 1915 -1923թթ. իրադարձությունները շատ պատմաբանների կողմից գնահատվել են որպես պետության աջակցությամբ իրագործված զանգվածային սպանություն` ցեղասպանություն: Հայաստանում հայտարարում են, որ սպանվել է ավելի քան 1,5 մլն մարդ: Անցած դարասկզբին դա կազմում էր ողջ հայության կեսը:
Ցեղասպանության փաստը ճանաչել են մի շարք պետություններ: Այն առաջինը ճանաչել է Ուրուգվայը` 1965թ-ին, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային միությունը:




























