Բոսթոնի երկու պայթյունները կազմակերպելու մեջ կասկածվող Ջոհար եւ Թամերլան Ցարնաեւ եղբայրների քույրերը «ցավում եւ իրենց դատարկված են զգում»: Աիլինա եւ Բելա Ցարնաեւաների հայտարարությունները տարածել են նրանց փաստաբաններ Ջոզեֆ Ջինարթին եւ Ուիլյամ Բաքմանը:
«Մենք տխուր ենք, որ անսիրտ ահաբեկչական ակտի արդյունքում այսքան մարդ է տուժել»,- ասվել է էլեկտրոնային փոստով լրատվամիջոցներին ուղարկված հայտարարության մեջ:
Աիլինայի եւ Բելայի խոսքով` նրանք կատարվածի վերաբերյալ «պատասխաններ չունեն», բայց նրանք «հետեւում են հետաքննությանը` ավելին իմանալու հույսով»: Ցարնաեւա քույրերը խնդրել են լրատվամիջոցներին` հարգել իրենց մասնավոր կյանքն այդ դժվար ժամանակահատածում:
Ինչպես գրել է «ՌԻԱ Նովոստին»` ներկայումս Աիլինան իր ընտանիքի հետ բնակվում է Նյու Ջերսի նահանգի Ուեսթ Նյու Յորք քաղաքի եռահարկ շենքի երկրորդ հարկի բնակարանում: Մուտքը հսկվում է ոստիկանության կողմից 24 ժամ անընդմեջ եւ անծանոթների մուտքն արգելվում է: Աիլինան տնից դուրս չի գալիս, իսկ տան մոտ խմբվել են շատ լրագրողներ՝ տեսախցիկներով: Բելա Ցարնաեւայի բնակության վայրն անհայտ է:
Հիշեցնենք, որ Ջոհար եւ Թամերլան Ցարնաեւ եղբայրները կասկածվում են Բոսթոնում ահաբեկչական երկու պայթյունները կազմակերպելու մեջ: Ավագ եղբայրը` Թամերլանը, ձերբակալության ժամանակ մահացել է, իսկ կրտսերը` Ջոհարը, վիրավորվել է եւ այժմ հոսպիտալում է, որտեղ նրան պաշտոնապես մեղադրանքներ են առաջադրվել: Երեք մարդ ահաբեկչության զոհ է դարձել, մոտ 200 մարդ վիրավորվել է:




























