Հունաստանի Աթենք, Սալոնիկ եւ Քսանթի քաղաքներում, ապրիլի 21-ին տեղի են ունեցել 1915թ. Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներ, որոնք կազմակերպել են հունահայ համայնքային կառույցները՝ Հունաստանում ՀՀ դեսպանության մասնակցությամբ:
Աթենքում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունների հիմնական միջոցառումը, որը կազմակերպված էր ՀՅԴ Հունաստանի հայ դատի հանձնախմբի եւ ՌԱԿ հայ իրավանց խորհրդի կողմից՝ Աթենքի մարզպետարանի նախաձեռնությամբ, կայացել է «Ռոյալ Օլիմպիկ» հյուրանոցի սրահում: Միջոցառմանը մասնակցել են Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ ու կառավարության անդամներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ռազմական կցորդներ, Հունաստանի քաղաքական կուսակցությունների, նահանգային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հայ համայնքային կառույցների անդամներ, հույն հասարակական գործիչներ եւ լրագրողներ:
Ողջույնի խոսքով հանդես են եկել Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, Հունաստանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Օլգա Կեֆալոյանին, Հունաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Իոանիս Դրաղասակիսը, Ատտիկայի մարզպետի տեղակալ Աննա Պապադիմիտրիու-Ցացուն:
Ելույթով հանդես են եկել միջոցառման նախագահող Հակոբ Ավագյանը, հայ երիտասարդության խոսքը փոխանցել է Լորանս Մենենտյանը:
Ցուցադրվել են երկու վավերագրական ֆիլմեր՝ Ցեղասպանությունը վերապրածների վկայություններով եւ պատմական լուսանկարներով:
Բանախոսությամբ հանդես է եկել Աթենքի Պանդեո համալսարանի արեւելյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Խրիստոտուլոս Յալուրիդիսը:
Հանդիսավոր ձեռնարկին հաջորդել է քայլերթ դեպի Աթենքի կենտրոնական Սինտագմա հրապարակ, որտեղ պատվո պահակախմբի ներկայությամբ Հունաստանի կառավարության, Հայաստանի դեսպանության, ՀՀ ԶՈՒ, Կիպրոսի, Հունաստանի խորհրդարանի, Ատտիկայի մարզպետարանի, Աթենքի քաղաքապետարանի, հունահայ համայնքի եւ Հունաստանի ասորիների միության կողմից ծաղկեպսակներ են դրվել Անհայտ զինվորի հուշարձանին, զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հունաստանի եւ Հայաստանի օրհներգերը:
Ապրիլի 20-25-ը Աթենքի Խլաթմոնոս հրապարակում գործում է նաեւ ՀՅԴ երիտասարդական միության կողմից կանգնեցված տաղավարը, ուր հայկական երաժշտության ներքո ցուցադրված են Հայոց ցեղասպանության մասին պատմող նկարներ, գրքեր, ձայնասկավառակներ եւ շապիկներ:
Սալոնիկում նահանգային եւ քաղաքային իշխանությունների հետ հայ համայնքային կառույցների համագործակցությամբ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել քաղաքի «Ի. Վելիդիս» դահլիճում: Միջոցառմանը մասնակցել են Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ ու կառավարության անդամներ, նահանգային եւ քաղաքային իշխանությունների, զինվորականության, քաղաքական կուսակցությունների, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, հայ եւ հույն հոգեւոր հայրեր, լրագրողներ:
Հունաստանի վարչապետի անունից միջոցառմանը ողջույնի խոսք է ուղղել Մակեդոնիայի եւ Թրակիայի ապակենտրոնացված իշխանության գլխավոր քարտուղար Աթանասիոս Կարունձուսը, Կենտրոնական Մակեդոնիայի նահանգապետ Ապոստոլոս Ձիձիկոստան, Սալոնիկի եկեղեցական խորհրդի ատենապետի տեղակալ Յորղոս Ցամասլիսը, Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսը, հայ երիտասարդության ներկայացուցիչ Արթուր Ծատինյանը: Բանախոսել է հայտնի գիտնական, արվեստագետ եւ վերլուծաբան Նիկոս Լիղերոսը:
ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Մինաս Մարտիկյանն ընթերցել է օրվա առիթով ՀՀ դեսպանի ուղերձը:
Այնուհետեւ տեղի է ունեցել քայլարշավ դեպի Անհայտ զինվորի հուշարձանը, որտեղ պատվո պահակախմբի ներկայությամբ կայացել է Հայաստանի դեսպանության, հունական, նահանգային եւ քաղաքային իշխանությունների, Հունական 3-րդ բանակի հրամանատարության, Հունաստանի բանակի վետերանների եւ հայ համայնքային կազմակերպությունների կողմից ծաղկեպսակների զետեղման արարողությունը: Բանակային նվագախումբը հնչեցրել է Հայաստանի եւ Հունաստանի օրհներգերը:
Ապրիլի 20-ին կազմակերպվել է նաեւ Սյուզան Խարտալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի ցուցադրությունը:
Քսանթի քաղաքում Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը ներկա էին Քսանթիի քաղաքապետի տեղակալը եւ քաղաքապետարանի խորհրդի անդամներ, ՀՅԴ կենտրոնական եւ տեղական կոմիտեների անդամներ, նախկին պատգամավորներ, զինվորական ղեկավարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շրջանի հայ եւ հույն հոգեւոր հայրեր:
Ողջույնի խոսքով հանդես են եկել Հունաստանի խորհրդարանի նախագահի նախկին տեղակալ Պանայոտիս Զղուրիդիսը, Հունահայոց Ազգային վարչության ատենապետ Արա Մանգոյանը, Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Ադրիկ Ստեփանյանը: Բանախոսել է գրող-մտավորական Միխալիս Խարալամբիդիսը:
Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները լայնորեն լուսաբանվել են հունական լրատվամիջոցներում:




























