Ապրիլի 23-ին Հաագայում Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Հոլանդիայի «Հայ Դատի»-ի հանձնախումբը եւ ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունը կազմակերպել են բազմամարդ ցույց եւ բողոքի երթ դեպի Թուրքիայի դեսպանություն` ընդդեմ Թուրքիայի ժխտողական քաղաքականության:

Ցույցը սկսվել է Նիդերլանդների խորհրդարանի դիմացի «Het Plain»  հրապարակից, որտեղ «Արդարություն Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին», «Հայոց ցեղասպանության ժխտումը հավասարազոր է մարդկության դեմ հանցագործության» «Թուրքիան մեղավոր է» կարգախոսների ներքո հավաքվածների ներկայացուցիչները Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներին  իրենց պահանջագիրն են հանձնել: Այնուհետեւ, ցուցարարները, «Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի» «Թուրքիան մարդասպան է» բացականչություններով քայլարշավով շարժվել են դեպի Հաագայում Թուրքիայի դեսպանություն:

Նույն օրը երեկոյան Հաագայում կայացել է ջահերով երթ` ի հիշատակ  ցեղասպանությանը զոհ գնացած նահատակների, որի ժամանակ մասնակիցները քայլարշավով շարժվել են դեպի Թուրքիայի դեսպանություն եւ վառել «1,5» խորհրդանշական թիվը: