Երեւանում, ապրիլի 23-ին, 77 տարեկան հասակում, քաղցկեղից մահացած ամենատարեց հայ «օրենքով գողերից» մեկը՝ Ռաֆիկ Խոյեցյանը, ով հայտնի է «Խոյ» մականունով, արյունոտ գործերի մեջ խառնված չի եղել, այլ հիմնականում զբաղվել է գողություններով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին նրա ծանոթները:

Նա Խոյեցի է ազգանունն էլ Խոյեցյան, ինչի արդյունքում նրան «Խոյ» են կոչել: Գրող Սերգեյ Գալոյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նույնիսկ վերջին տարիներին Խոյեցյանը դատապարտված է եղել գողության համար եւ արտոնյալ պայմաններում է իր պատիժը կրել: «Ինքը գողություններ է կատարել եւ օրենքով գողի կոչումն էլ առաջին անգամ բանտում է  ստացել»,- ասաց գրողը: Ռաֆիկ Խոյեցյանը հին գողերից «Սվո Ռաֆի» հետ շատ մոտ չի եղել, սակայն ծանոթներ են եղել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում ապրիլի 23-ին, 77 տարեկան հասակում, քաղցկեղից մահացել է ամենատարեց հայ «օրենքով գողերից» մեկը՝ Ռաֆիկ Խոյեցյանը, ով հայտնի է «Խոյ» մականունով:Ինչպես հաղորդել էր  «Փրայմ Քրայմը», բնիկ երեւանցի Ռաֆիկ Խոյեցյանը համարվում էր հին սերնդի ամենաազդեցիկ ու հայտնի հայ «օրենքով գողերից»  մեկը: Վերջին տարիներին նա հեռացել էր քրեական կյանքից՝ առողջական խնդիրների պատճառով, իսկ իր լիազորությունները հանձնել էր որդուն՝ Ռաֆայելին:  Գործակալության փոխանցմամբ՝ «օրենքով գողի» հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 25-ին եւ այդ կապակցությամբ, սպասվում է, որ  Երեւան կժամանեն ԽՍՀՄ ողջ տարածքում գտնվող քրեական աշխարհի ներկայացուցիչներ: