Մոսկվայում կհրատարակվի ամերիկյան հայտնի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի ռուսերեն տարբերակը, հաղորդում է  «Երկրամասը»:

Ամերիկահայ գրող Քրիս Բոխջալյանի վեպը մի քանի առաջատար լրատվամիջոցների` «New York Times»-ի, «Associated Press»-ի, «USA Today-ի»,  «People»  ամսագրի, «Oprah.com»-ի վարկածներով բեսթսելեր է ճանաչվել, իսկ  «The Washington Post»-ը եւ «Library Journal»-ը այն համարել են 2012թ. լավագույն գիրքը: Քրիս Բոխջալյանը համարվում է  ԱՄՆ-ում ամենաընթերցվող հեղինակներից:

Գրքում ներկայացված իրադարձությունները շոշափում են նրա զգացմունքները, քանի որ լինելով Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռ, նա ցանկացել է, որ ողջ աշխարհն իմանա այդ սարսափելի ժամանակների իրադարձությունների մասին: Եւ «Ավազե ամրոցի աղջիկները» գրքով նա հասել է իր նպատակին:

Գրքի հրատարակությամբ զբաղվող «Որակ մեդիա» ընկերության նախաձեռնությունը ողջունել են Ռուսաստանի հայ ձեռներեցները:  Որպես նախագծի գլխավոր հովանավոր է հանդես եկել «Բորոդինո» ընկերությունների խմբի նախագահ Տիգրան Ներսիսյանը: Իր աջակցությունն է ցուցաբերել նաեւ «Բլեսկ» ընկերությունների խմբի ղեկավար Ժիրիկ Մխոյանը: