Հայ ժողովրդի ողբերգությունը սկիզբ է դրել այլ ողբերգությունների: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Պատասխանելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում պաշտոնական Վարշավայի դիրքորոշման վերաբերյալ հարցին` լեհ դիվանագետը նշել է, որ Լեհաստանի Սեյմը դեռ 2005թ.-ին է ընդունել ողբերգական փաստը: «Ֆաշիզմի սարսափները տեսած Լեհաստանը չի կարող անցյալի գնահատականի վերաբերյալ այլ դիրքորոշում ունենալ»,- նշել է դեսպանն` ավելացնելով, որ գնահատականներն անցյալը հիշելու անհրաժեշտությունից եւ բարոյական նորմերից են բխում: «Հայ ժողովրդի ողբերգությունը սկիզբ է դրել այլ ողբերգական իրադարձությունների: Հիշողությունը պետք է զգոն պահել՝ ապագայում նման ողբերգություններից խուսափելու համար»,- ընդգծել է Զդիսլավ Ռաչինսկին:
Հարցին, թե արդյոք Լեհաստանը Ֆրանսիայի օրինակով մտադիր չէ՞ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծ նախաձեռնել, դեսպանը պատասխանել է, որ իր իմանալով նման գործընթաց գոյություն չունի:



























