Լեռնային Ղարաբաղի հարցով Լեհաստանի դիրքորոշումը չի տարբերվում ԵՄ պաշտոնական դիրքորոշումից: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ են լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, այսօր՝ ապրիլի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ:
Դիվանագետն ընդգծել է, թե տվյալ հակամարտության չկարգավորված լինելը բացասաբար է ազդում իրավիճակի վրա տարածաշրջանում, սահմանափակում է Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական եւ տնտեսական հնարավորությունները: Ընդ որում, դեսպանն ընդգծել է, թե Լեհաստանն աջակցում է քայլերին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ուղղում են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հարցին, թե Լեհաստանը չի՞ պատրաստվում արդյոք ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Ռաչինսկին հիշեցրել է, որ Հայաստանը դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը:
Լրագրողների խնդրանքին` մեկնաբանել ադրբեջանական կողմի հայտարարություններն ու սպառնալիքները Լեռնային Ղարաբաղ թռչող ինքնաթիռները խփելու մասին, դեսպանը պատասխանել է, որ Բաքվից դեռ պաշտոնական հայտարարություններ այդ կապակցությամբ չեն հնչել, եւ չի բացառել լրատվամիջոցների ապակառուցողական դերն այդ հարցում:
Անդրադառնալով Ռամիլ Սաֆաովի հերոսացմանը, Ռաչինսկին նշել է, որ այդ քայլն անտեղի էր: Դեսպանը նաեւ ասել է, թե հակամարտող կողմերը տեղեկատվական ռեսուրսներն օգտագործում են որպես դիմակայության միջոցներ: Նա համոզմունք է հայտնել, որ միայն հակամարտության խաղաղ կարգավորումը, ուժի կիրառումից եւ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելը կբերի հարցի կարգավորման:



























