Այսօր Մալարիայի համաշխարհային օրն է: 2011 թվականից Հայաստանը պաշտոնապես ճանաչվել է որպես մալարիայից ազատ տարածք:
Հայաստանում մալարիան տարածված է եղել դեռ հին ժամանակներից եւ բացակայել է ընդամենը 31 տարի` 1963-1994թթ.: 1994 թվականից Արարատի եւ Արմավիրի մարզերում սկսել են արձանագրվել մալարիայի տեղական դեպքեր: Միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ Հայաստանի կառավարությունը 2006թ. սկսած համակարգված եւ բազմոլորտ պայքար է ծավալել մալարիայի դեմ, ինչի արդյունքում հանրապետությունում տեղական ծագման մալարիայի դեպք չի արձանագրվել:
Հայաստանը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի առաջին երկիրը դարձավ, որին հաջողվեց հասնել հիվանդության էլիմինացմանը` երկրի տարածքում մալարիայի տեղական դեպքերի վերացմանը: 2011թվականին այս փաստը, համաձայն միջազգայնորեն ընդունված ընթացակարգի, վկայագրվեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից. Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչվեց որպես մալարիայից ազատ տարածք: Մալարիայի էլիմինացման մեր երկրի փորձն այսօր կիրառվում է տարածաշրջանի այլ երկրներում՝ ի կատարումն Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի երկրների կողմից 2005թ.վավերացված տաշքենդյան հռչակագրի, որի նպատակն է մինչեւ 2015 թվականը ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի երկրներում վերացնել մալարիան:
Սկսած 2007 թվականից ամեն տարի ապրիլի 25-ին ամբողջ աշխարհը նշում է մալարիայի դեմ պայքարի միջազգային օրը որպես մալարիայի դեմ պայքարի, արձանագրած արդյունքների գնահատման եւ ամփոփման օր:
Այս տարի ԱՀԿ ընդգծում է շարունակական ներդրումների եւ կայուն քաղաքական ուշադրության անհրաժեշտությունը՝ աշխարհում մալարիայի կանխման եւ վերահսկման համար: 2010 թվականին ՄԱԿ-ի հռչակած գլոբալ նպատակներն են` կանխարգելման եւ բուժման մատչելի ծառայություններ տրամադրել մալարիայի վտանգին ենթարկվող բոլոր մարդկանց եւ 2015 թվականին հասնել մալարիայից մահվան դեպքերի բացառմանը:
Մեր երկիրը մալարիայի դեմ պայքարի եւ կանխարգելման գործում մեծ հաջողությունների է հասել հետեւողական քաղաքականության, շահագրգիռ կառույցների, ինչպես նաեւ միջազգային եւ հասարակական կազմակերպությունների հետ քաղաքացիական բնակչության համակարգված ու համագործակցված աշխատանքի շնորհիվ:
Նշենք, որ այսօր 104 երկրներում, որտեղ բնակվում է շուրջ 3.3 միլիարդ մարդ, անապահով են մալարիայի առումով: Ամեն տարի աշխարհում արձանագրվում է մալարիայով հիվանդացության ավելի քան 200 հազար դեպք, իսկ մահացության թիվը հասնում է շուրջ 700 հազարի, որի 86%-ը` 5 տարեկանից ցածր երեխաների շրջանում: Մալարիան լայնորեն տարածված է արեւադարձային եւ մերձարեւադարձային կլիմայական գոտիներում եւ բարեխառն կլիմայական գոտու որոշ շրջաններում:




























