Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանն, այսօր՝ ապրիլի 26-ին, ընդունել է Ֆրանսիայի Գուստավ Ռուսիի անվան Ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Էգերմանի ղեկավարած պատվիրակությունը, որը Երեւանում է գտնվում «Ուռուցքաբանություն, վիրաբուժություն, բիոպաթոլոգիա` ակտուալ խնդիրներ» թեմայով հայ-ֆրանսիական գիտաժողովին մասնակցելու նպատակով։

Պատվիրակության ղեկավարը եւ «հայ-ֆրանսիական համագործակցություն ուռուցքաբանության բնագավառում» ծրագրի համակարգող, Եվրամիությունում PCD-ի  (Պաթոլոգիայի, ցիտոլոգիայի զարգացում հասարակական կազմակերպոթյուն)  լիազոր անդամ Այծեմիկ Ասատրյանը Դերենիկ Դումանյանին ներկայացրել են, որ արդեն երրորդ տարին է, ինչ Գուստավ Ռուսիի անվան Ուռուցքաբանության կենտրոնը համագործակցում է ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ։ Այս ընթացքում հայաստանցի հինգ մասնագետ հյուսվածքաբանական եւ իմունահիստոքիմիական հետազոտությունների ասպարեզում վերապատրաստվել են Գ. Ռուսիի անվան Ուռուցքաբանության կենտրոնում: Իսկ PCD-ի կողմից նվիրաբերած իմունահիստոքիմիայի լաբորատոր սարքերի, հյուսվածքաբանական եւ բջջաբանական հետազոտությունների ավտոմատ սարքավորումների շնորհիվ ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության կենտրոնում զգալիորեն բարելավվել է ախտորոշման որակը:

Դերենիկ Դումանյանին նաեւ տեղեկացրել են, որ այսօր ստորագրված փոխհամագործակցության հուշագրում ամրագրվել են համատեղ գործունեության հետագա ուղղությունները։

Դերենիկ Դումանյանն անդրադառնալով մարդկության առջեւ ծառացած ուռուցքային հիվանդությունների հաղթահարման լուրջ հիմնախնդրին, կարեւորել է ֆրանսիացի գործընկերների հետ արդյունավետ փոխհամագործակցությունը։ Նա իր հյուրերին ներկայացրել է ուռուցքաբանության ոլորտում Հայաստանում իրականացվող ծրագրերը եւ շնորհակալություն հայտնել ուռուցքաբանության ոլորտին ցուցաբերած աջակցության համար։

Ֆրանսիացի մասնագետները պատրաստակամություն են հայտնել շարունակել հայ գործընկերների հետ համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում` ընդհուպ մինչեւ  համատեղ  վիրահատություններ, մասնագետների փոխանակումներ եւ այլն։

Տեղեկացնենք, որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանի հրամանով Հայաստանի առողջապահական համակարգին ցուցաբերած անգնահատելի աջակցության համար Ֆրանսիայի Գուստավ Ռուսիի անվան Ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Էգերմանը պարգեւատրվել է ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով։ Դերենիկ Դումանյանը նաեւ ուղերձ է հղել հայ-ֆրանսիական գիտաժողովի մասնակիցներին։