Վաղը` ապրիլի 27-ին «Այբ» ավագ դպրոցում (Թբիլիսյան խճ. 11/11) տեղի կունենա աշխատաժողով-քննարկում՝ նվիրված «Այբ» կրթական ավանի գլխավոր հատակագծի «Կանաչ հայեցակարգի» մշակմանը: Այս մասին NEWS.am-ի հայտնեցին «Այբ» կրթական կենտրոնից:
«Այբ»-ը նախաձեռնել է առաջին կրթական ավանի ստեղծումը, որն իր մեջ ներառում է տարրական, միջին եւ ավագ դպրոցները, մեդիա արվեստների կենտրոնը, սպորտային տարածքները եւ հանրային այգիները, հանրակացարանային եւ բնակելի հատվածները, համայնքային կենտրոնը եւ եկեղեցին: Ավանի առաջին բաղադրիչը՝ «Այբ» ավագ դպրոցը, բացեց իր դռները 2011թ. սեպտեմբերին: Ավանը պետք է դառնա համայնքի մի յուրահատուկ միկրոմոդել, որտեղ բոլոր բաղադրիչները փոխկապակցված են կրթության գաղափարով, որտեղ տեսանելի է ապագայի հասանելիությունը: «Այբ» ավանը պատկերացվում է որպես էկոլոգիական՝ «կանաչ» միջավայր:
Նշենք, որ աշխատաժողովը կազմակերպվել է «Այբ» կրթական հիմնադրամի, Ստորակետ ճարտարապետական արվեստանոցի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի Ակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից: Նպատակն է հասարակությանը ներգրավել հանրային քննարկումներում եւ իրենց ներդրումն ունենալ «Այբ» ավանի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներում:




























