Ի սկզբանե պարզ էր, որ քարոզարշավի վերջին շաբաթներին, ժանրի օրենքների համապատասխան, ապատեղեկատվություն էր տարածվելու մեր հասցեին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով «Բարեւ Երեւան» դաշինքի անդամների հայտարարությունները, թե ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում:
Նրա խոսքով՝ ավելորդ է նշել, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Եթե նրանց թվում է, որ նման ապատեղեկատվության տարածելով իրենք նվազեցնում են ԲՀԿ-ի վարկանիշը, իսկ իրենց ընկած վարկանիշը դրանից բարձրանալու է, ապա նրանք սխալվում են ու դա ամենաճիշտ ու ազնիվ ուղին չէ»,-ընդգծել է Զոհրաբյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն արդեն սկսել են ընտրակաշառքների բաժանումը, որը կատարվում է բարեգործության անվան տակ: «Քաղաքացիները օգնության համար դիմումներ են գրում, որոշ տեղերում գումարն անմիջապես են տալիս, կամ խոստանում են տալ ընտրություններից հետո: Մենք ահազանգեր ենք ստանում, սակայն մարդիկ վախենում են բաց հայտարարել, որ ընտրակաշառք են ստացել: Հենց մեր ձեռքին փաստ լինի, մենք կդիմենք համապատասխան մարմիններին»,-ասել էր նա:
Հարցին, թե ինչո՞ւ իրենք չեն համագործակցում ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի հետ՝ ընտրախախտումների դեմ պայքարի հարցում, Սանասարյանն պատասխանել է, որ դա անիմաստ է: «Երբ ԲՀԿ-ն հայտարարում է խախտումների դեմ պայքարի մասին, իսկ ինքը ընտրակաշառք է բաժանում, ո՞րն է համագործակցության նպատակը»,-ասել էր Սանասարյանը:




























