Նախընտրական քարոզարշավի ամենասկզբից ՀՀԿ-ն հայտարարել է, որ դատապարտում է ընտրական գործընթացի վրա ստվեր նետող ցանկացած երեւույթ, այդ թվում նաեւ ընտրակաշառք բաժանելը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի  հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՀԿ նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը` մեկնաբանելով ՀՀԿ-ի կողմից նախընտրական կաշառք բաժանելու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամների հայտարարությունները:

«ՀՀԿ-ն ուշադիր է լինելու` նման երեւույթները բացառելու համար, համաձայն «Ընտրական օրենսգրքի»: Բնականաբար, «Բարեւ Երեւան» դաշինքի անդամների հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում»,- նշել է Սարդարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ընդդիմադիր «Բարեւ Երեւան» ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն արդեն սկսել են նախընտրական կաշառքներ բաժանել: «Դա իրականացվում է բարեգործության շղարշով. Քաղաքացիները գրում են օգնություն  տրամադրելու խնդրագրեր, եւ որոշ դեպքերում գումարը տալիս են անմիջապես, երբեմն էլ` խոստանում են հատկացնել ընտրություններից հետո: Մենք ազդանշաններ ենք ստանում, սակայն մարդիկ վախենում են հայտարարել, որ նախընտրական կաշառք են վերցրել: Մենք համապատասխան մարմիններ կդիմենք, երբ փաստեր ունենանք»: