Հայաստանի ոստիկանության  կոլեգիայի նիստերի դահլիճում, այսօր՝ ապրիլի 30-ին, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում  Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի հետ համագործացություն իրականացնող ֆունկցիոնալ պատասխանատու կապի  սպաների սեմինար-հանդիպումը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանցավորության դեմ պայքարի գործում կարեւորելով ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ի  եւ տարածքային ստորաբաժանումների միջեւ համագործակցությունը`  ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը նշեց, որ այսօր այդ  համագործակցությունը դեռեւս բավարար հիմքերի վրա չէ. «Համագործակցությունը չպետք է  տարվի միայն  հետախուզական աշխատանքներով, այն պետք է  առավել ընդգրկուն, առավել արդյունավետ լինի բոլոր  առումներով»,- ասաց նա:

Արդյունավետ համագործակցության անհարժեշտության մասին խոսեց նաեւ  ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը: «Ինտերպոլի  բյուրոն անվերջ զարգանում է,  ուրեմն անհրաժեշտ են համագործակցության նոր  եզրեր, նոր մոտեցումներ»:

Հայաստանի Հանրապետությունում  Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Արա Ֆիդանյանի  ելույթից հետո  ցուցադրվեց Ինտերպոլի մասին պատմող ֆիլմ:

Սեմինար-հանդիպման ժամանակ ելույթ ունեցողները խոսեցին նաեւ Ինտերպոլի ուղիներով իրականացվող միջազգային  հետախուզման, առեւանգված տրանսպորտային միջոցների հայտնաբերման եւ այլ հարցերի շուրջ: