Ապրիլի 29-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Սաշա Աֆյանի մոտ տեղի  ունեցած խորհրդակցությունը նվիրված էր մայիսի 5-ին կայանալիք  Երեւանի ավագանու  ընտրություններին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ անդրադառնալով կատարված  աշխատանքներին` Սաշա Աֆյանը խորհրդակցության մասնակիցներին հիշեցրեց, որ նախընտրական շրջանում եւ ընտրությունների ժամանակ ոստիկանության վրա դրված պարտականությունները պետք է կատարվեն բարձր մակարդակով: Իսկ ոստիկանության հիմնական խնդիրը տվյալ դեպքում հասարակական կարգի ապահովումն է,  իրավախախտումների բացառումը: Ընտրությունների ժամանակ ոստիկանությունը պետք է  լիարժեք իրականացնի օրենքով իրեն վերապահված լիազորությունները: Այս  հանձնարարական-ցուցումն է տրված ոստիկանության պետի կողմից, եւ այն անվերապահորեն պետք է որպես ուղեցույց լինի ընտրատեղամասերում ծառայություն իրականացնող բոլոր ոստիկանների համար: Սաշա Աֆյանը նշեց, որ  ընտրությունների հետ կապված նախապատրաստական ու կազմակերպչական աշխատանքները ոստիկանության կողմից կատարված են հավուր պատշաճի,  ստեղծված են լիարժեք ծառայություն իրականացնելու համար բոլոր նախադրյալները: Պետք է առաջնորդվել ոստիկանության իրավաբանական վարչության պատրաստած ուղեցույցով,  որում ներկայացված են ընտրությունների ժամանակ  ոստիկանի ֆունկցիոնալ պարտականություններն ու իրավունքները: Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվեց նաեւ  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կողմից կազմված  պլանը` մայիսի 5-ին  կայանալիք  ընտրությունների ընթացքում հասարակական կարգի  պահպանման եւ անվտանգության ապահովման ուժերի  տեղաբաշխման վերաբերյալ:

Սաշա Աֆյանը կոնկրետ հանձնարարություններ տվեց  խորհրդակցության մասնակիցներին` պահանջելով կրկին ստուգել անձնակազմերի պատրաստականությունը, ընտրացուցակների հետ կապված հարցերը եւ այլն: