Մենք ամբիցիաներ չունենք, գերակա խնդիրն իշխանությունը վերցնելն է։ Այս մասին այսօր՝  մայիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝  հավելելով, որ երեւանցիները կշահեն, եթե Վահագն Խաչատրյանի նման մարդը լինի քաղաքապետ։

Նա նշեց, որ եթե քաղաքական ուժերի խելքը հերիքի, ապա չորս քաղաքական ուժեր կարող են միասնական ձեւով իշխանությունը վերցնել Հանրապետականից։ Իսկ իշխանությունը մայրաքաղաքում վերցնելուց հետո հնարավորություն կլինի հանրապետությունում իշխանափոխություն անել, քանի որ  Երեւանը պիոներ է, առաջամարտիկ է բոլոր առումներով, ոչ իշխանական բոլոր քաղաքական ուժերը ուժեղ են Երեւանում, սպասարկման ոլորտի 89 տոկոսն այստեղ է, Հայաստանի քաղաքականությունը եփվում է  Երեւանում, իսկ երեւանցին իրեն հրաշալի է պահել  նախագահական ընտրություններում։

ՀԱԿ պատգամավորը նաեւ ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ներդրումն այն էր, որ եկան այս ընտրություններին իր օգտին քվեարկեցին եւ ոչ իշխանական ձայները ֆիքսվել են, ուստի՝ լուրջ շանսեր կան ազատելու Երեւանը Հանրապետականից եւ Հայաստանը՝  Հանրապետականից։

Ինչ վերաբերում է ոչ իշխանական ուժերի համագործակցությանը, Արամ Մանուկյանն ասաց, որ մեծ հույսեր չունեն, բայց բոլոր տարածքներում կոնտակտներ են փոխանակում  ՀԱԿ-ի ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ այլոց միջեւ: «Ընդհանուր հայտարարությամբ դա չկա, բայց երեկվա պառլամենտի հայտարարությունները հույս են ներշնչում, որ քաղաքական ուժերը պահելու են ձայները։ Երկրորդ քայլը կլինի բլոկ ձեւավորել ավագանիների միջոցով եւ իշխանությունը վերցնել»,- ասաց նա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am