Երեւանում նախընտրական քարոզարշավի զինանոցը զգալիորեն ավելի ձանձրալի էր, քան 2009-ին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ մեկնաբանելով Երեւանի ավագանու ընտրությունների ավարտվող քարոզարշավը:
Հիշեցնենք, որ 2009 թվականին Երեւանի ավագանին առաջին անգամ էր ընտրվում: Եթե նախորդ ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերն ընտրողների հետ հանդիպում էին ավելի լայն շրջանակներում (յուրաքանչյուր թաղամասում նրանք փորձում էին գոնե մեկ հանդիում ունենալ կենտրոնական հրապարակներում), ապա այս անգամ բոլոր մրցակիցները սահմանափակվել են բակային կամ դահլիճային հանդիպումներով:
«Տոխնոլոգիական զինանոցն ավելի աղքատիկ էր, իսկ քաղաքական ուժերի բակային հանդիպումները լուսաբանում էին հիմնականում նրանց վերահսկողության տակ գտնվողն լրատվամիջոցները»,-ասել է Բադալյանը: Նրա խոսքով, սակայն, ընտրողների հետ արդյունավետ շփման համար դա բավարար չէ, իսկ այդ հանդիպումների լսարանը ոչ միայն փոքրաթիվ է, այլեւ ոչ նպատակային:
Ինչ վերաբերում է նախընտրական բանավեճերին, ապա ամենից շատ դրանց խանգարել է գործող քաղաքապետի բացակայությունը, քանի որ հենց նրա հետ պետք է հիմնականում ընթանար քաղաքապետի մյուս թեկնածուների բանավեճը:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 5-ին, որին մասնակցում են 6 կուսակցություններ (ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ եւ «Առաքելություն») եւ «Բարեւ Երեւան» դաշինքը:




























