Հայ ազգային կոնգրես կուսակցությունների միավորման այսօր` մայիսի 1-ին, կայացած քաղխորհրդի նիստի օրակարգում մեկ հարց էր ընդգրկված` «Բարեւ, Երեւան» դաշինքին աջակցելու խնդիրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Սոս Գիմիշյանը:
Նա նշեց, որ, ցավոք, այդ հարցում կոնսենսուս չեղավ, որոշ կուսակցությունների դիմել էին այդ հարցով, սակայն չկարողացան միաձայն որոշման հանգել: «Հենց առաջին բացասական որոշումն ունեցանք, էլ չշարունակեցինք, կոնսենսուսի բացակայության պատճառով որոշումը չընդունվեց»,- ասաց նա` չցանկանալով նշել, թե որ կուսակցությունն է դեմ արտահայտվել «Բարեւ Երեւան» դաշինքին աջակցելուն: Սոս Գիմիշյանը ճշտեց, որ իրենք հարգում են յուրաքանչյուր կուսակցության որոշումը:
Կուսակցության ղեկավարի խոսքով` քաղխորհրդի նիստին մասնակցել են 5 ուժեր` «Ժողովրդավարական հայրենիքը», «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդը», «Ժողովրդավարական ուղին», Հայաստանի կանաչների կուսակցությունը եւ «Մարդու իրավունքներ-96»-ը, մտածում էին, եթե հանգեն ընդհանուր որոշման, դիմեն նաեւ մնացած կուսակցություններին:
Նշենք, որ «Բարեւ Երեւան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված են նաեւ ներկայացուցիչներ «Ժողովրդավարական հայրենիք», «Ժողովրդավարական ուղի» կուսակցություններից: Մեր տեղեկություններով` «Բարեւ Երեւան» դաշինքին սատարելու հարցում դեմ կարծիք հայտնեց Հայաստանի Կանաչների կուսակցության առաջնորդ Արմենակ Դովլաթյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























