Մինչեւ մայիսի 8-ը կհստակեցվի Հայ ազգային կոնգրես կուսակցությունների միավորման կազմը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ դաշինքում ընդգրկված «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Սոս Գիմիշյանը:

Նա նշեց, որ պայմանավորվել են մոտական օրերին հանդիպել, նա կարծում էր, թե մինչեւ մայիսի 1-ի նիստը հստակություն կլինի այդ հարցում, բայց չեղավ: Սոս Գիմիշյանն ասաց, որ խոսել է գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչների հետ, որոնց հետ հույս ունեն միավորվել` Վաղարշակ Հարությունյան, Հովհաննես Հովհաննիսյան, Արամ Սարգսյան եւ այլն: Նա նշեց, որ եղել են մարդիկ, որոնք անմիջապես հավանություն են տվել իրենց ծրագրին, սակայն հարկ չի համարում այդ մասին ինքը հայտարարել, նրանք անձամբ դա կանեն:

«Մոտակա օրերին, կարծում եմ, կհանդիպենք, հաջորդ նիստը նախատեսում ենք մայիսի 8-ին, հույս ունեմ` մինչեւ դա կիմանանք, հստակություն կլինի»,- ասաց Սոս Գիմիշյանը:

Նա շեշտեց, որ առայժմ դաշինքը պահպանվում է, շարունակում իր աշխատանքները, ՀԱԿ անվանումը՝ եւս, իսկ երբ բոլորով հավաքվեն վերջնական կազմը հստակեցվի, կորոշեն` ինչ անել: «Չենք ցանկանում խմբով որոշում ընդունել, որ նոր եկողներին պարտադրենք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ  «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների միավորման քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհուրդը վերսկսում է իր աշխատանքները` իրական ժողովրդավարության, կուսակցությունների իրավահավասարության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա: «Հայ ազգային կոնգրեսի կողմից նախկինում ձեւավորված մարմինները լուծարվում են: Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհրդի նիստերը` ռոտացիոն սկզբունքով, վարելու են կուսակցությունների նախագահները: Հայ ազգային կոնգրեսը դիմում է իր կազմից դուրս եկած կուսակցություններին վերադառնալ Հայ ազգային կոնգրես, նախկինում հռչակված նպատակներին համատեղ ուժերով հասնելու համար:

Հայ ազգային կոնգրեսի կազմը հստակեցնելուց հետո Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհուրդը քննարկելու է անվանման, Ազգային Ժողովում «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի խմբակցության եւ ընտրական հանձնաժողովներում Հայ ազգային կոնգրեսի հանձնաժողովների անդամների հարցերը»,-ասված է հայտարարության մեջ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am