Այսօրվա  վարվող քաղաքականությունը որեւէ կապ չունի երկրի, ժողովրդի, քաղաքացու հոգսերի եւ մտահոգության հետ:  Այս մասին Երեւանի Չարբախ թաղամասի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ իրենք այդտեղ են ասելու. «Վստահեք մեզ, կանգնեք ամուր, պինդ, մենք ձեր քվեին, մեր ձայնին տեր ենք կանգնելու: Այսօր այստեղ ենք մեր կուսակցության նախագահի` Գագիկ Ծառուկյանի անունից վստահեցնելու, որ մենք ձեր ձայնին տեր ենք կանգնելու, ձեր քվեն հասցնելու ենք տեղ եւ ձեր հետ միասին մենք նոր էջ ենք բացելու Երեւանի պատմության մեջ ու ձեր հետ միասին, սկսելով Երեւանից, փոխելու ենք Հայաստանում կառավարման համակարգը, կառավարման գաղափարախոսությունը, որն այսուհետ  պետք է միտված լինի ոչ թե սեփական թիմի հարստացմանը, այլ ժողովրդի հոգսերի, կարիքների լուծմանը»:

Զոհրաբյանը նաեւ ավելացրեց, որ միասին ունենալու ենք այն Հայաստանը, որտեղ վերադառնալու է արտագաղթած հայաստանցին, որտեղ օր-օրի պակասելու է աղքատությունը:

Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Վարդան Օսկանյանն էլ իր ելույթում ասաց, որ երկրում վիճակն իսկապես ծանր է, սակայն իրենք մայիսի 5-ին ընտրողների հետ միասին կարող են սկիզբ դնել լրջագույն փոփոխությունների: «Անկախ նրանից, թե իշխանությունները ինչ են ասում, ինչպիսի թվեր են  ներկայացնում ես կարծում եմ դուք ձեր առօրյա կյանքում զգում եք, որ ոչ միայն լավագույն դեպքում երկիրը տեղում դոփում է, այլ ինչ-որ տեղ հետ ենք գնում»,- նշեց Վարդան Օսկանյանը, ինչպես նաեւ ավելացրեց, որ մայիսի 5-ին ժողովուրդը իրենց քվեն վստահելով ԲՀԿ-ին կարող են վերջն դնել այդ բոլորին, լինել հակակշիռ եւ կոնկրետ զբաղվել ժողովրդի խնդիրներով:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am