Դատարանը «Երեւան Սիթի» խանութի անվտանգության աշխատակից 24-ամյա Արա Կարապետյանին տուգանել է` Իրանի քաղաքացի Արթին Մաքադարից շանտաժի միջոցով գումար պահանջելու համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:

Գործի նյութերի համաձայն՝ «Երեւան Սիթի» խանութում Իրանի քաղաքացի Արթին Մաքադարը գաղտնի կերպով կիսաշրջազգեստի տակից տեսանկարահանել է խանութում գտնվող մի կնոջ ոտքերը: Խանութի անվտանգության աշխատակից Արա Կարապետյանը նկատել է դա եւ գումար պահանջել իրանցուց՝ այդ մասին ոստիկաններին չհայտնելու դիմաց:

Արա Կարապետյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 182  հոդվածի 1-ին մասով (շորթումը` անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելը): Հիշեցնենք, որ սույն հոդվածը պատժվում էր տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 400-800-ապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով:

Տուժողի շահերը ներկայացնող Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե այս դեպքում Արթին Մաքադարին մեղադրանք չի՞ առաջադրվել, որ գաղտնի նկարահանել է աղջկա ոտքերը, ինչին նա պատասխանեց. «Ոչ, դրա համար պատիժ չի հասնում: Ուղղակի ինչ-որ տեղ ոչ բարոյական քայլ էր արել, այդքան բան»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Երեւան Սիթի» խանութի անվտանգության աշխատակից 24-ամյա Արա Կարապետյանը Իրանի քաղաքացի Արթին Մաքադարից զգալի գումար է պահանջել` վերջինիս կողմից անծանոթ կնոջ ոտքերը կիսաշրջազգեստի տակից բջջային հեռախոսով նկարահանելու արատավորող փաստն իրավապահ մարմիններին հայտնելու սպառնալիքով: