Բռնությամբ հարեւանուհու հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ մեղադրվող 50-ամյա Համլետ Միրզոյանն արդարացվել է: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:

Նա դատարանում ասել է, որ իսկապես ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ, սակայն չի կարողացել եւ հանգստացել է նրա հետ հպվելու ընթացքում:

50-ամյա Համլետ Միրզոյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ալկոհոլ օգտագործած վիճակում բռնությամբ սեռական հարաբերություններ է ունեցել համագյուղացի Է. Ս.-ի հետ: Խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Համլետ Միրզոյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ ցուցմունք է տվել այն մասին, որ Է. Ս.-ի հետ շուրջ 12 տարի եղել է արտամուսնական կապերի մեջ: Այդ օրն ինքը օգտագործել է ոգելից խմիչք, որից հետո գնացել է Է. Ս.-ի տուն:

Դուռը բացելիս այն դիպել է Է. Ս.-ի դեմքին, որից էլ վիճաբանություն է առաջացել: Ինքը Է. Ս.-ի հետ ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ, սակայն չի կարողացել եւ հանգստացել է նրա հետ հպվելու ընթացքում: Համլետը ցանկացել է պահարանից վերցնել կոնյակը՝ խմելու համար, Է. Ս.-ն թույլ չի տվել եւ ինքը մոտ 10 րոպե անց դուրս է եկել կնոջ տնից:

Քրեական գործով տուժող Է. Ս.-ն դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Համլետ Միրզոյանի եւ իր միջեւ այդ օրը որեւէ սեռական հարաբերություն տեղի չի ունեցել: Իր եւ Համլետ Միրզոյանի միջեւ կենցաղային հողի վրա տեղի ունեցած վիճաբանությունից բացի ոչինչ չի եղել, նա իրեն չի բռնաբարել, չի ծեծել եւ իր գույքին վնաս չի հասցրել:

Կինը հայտարարել է, որ քննչական բաժնում ցուցմունքը գրել է քննիչի թելադրանքով, իսկ մինչ այդ նրան պատմել էր եղածի մասին եւ  հայտնել, որ նրա մոտ է գնացել ոչ իր ցանկությամբ, իրեն այդ քայլին ստիպել է գնալ դուստրը:

Քննելով գործը, դատարանը վճռել է Համլետ Միրզոյանին արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառով եւ անհապաղ ազատ արձակել դատական նիստի դահլիճից: Իրեղեն ապացույց ճանաչված եւ ոստիկանության Գորիսի բաժնի իրեղեն ապացույցների պահման սենյակում պահվող տուժող Է. Ս.-ի կրծկալն ու շապիկը վերադարձրել են վերջինիս: Ապրիլի 29-ին վերաքննիչ բողոքը մերժվել է եւ ստորադաս դատարանի դատական ակտը թողնվել է անփոփոխ: