Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախագահության անդամներ Արամ Քոչարյանը, Սիրարփի Արշակյանը եւ Աստղիկ Ավետիսյանն ապրիլի 24-ից մայիսի 2-ը Իսպանիայում (Կատալոնիա) մասնակցում են «Boys don't cry. Mainstreaming Gender in Youth Work» խորագիրը կրող ուսուցողական դասընթացին:

Ծրագրին մասնակցում են Հայաստանից, Էստոնիայից, Լիտվայից, Բելառուսից, Ռումինիայից, Իսպանիայից եւ Վրաստանից ընտրված երիտասարդ առաջնորդներ ու երիտասարդական աշխատողներ: Մասնակիցները ծրագրի ընթացում ստացան գիտելիքներ մարդու իրավունքների, գենդերային իրավահավասարության, երիտասարդական աշխատանքում սեռերի նկատմամբ վերաբերմունքի եւ հասարակության մոտ ձեւավորված կարծրատիպերի մասին: Անդրադարձ եղավ մասնակից երկրներում գենդերային իրավահավասարության մասին ԶԼՄ-ների արձագանքին եւ կարեւորվեցին հասարակական կարծիքը փոխելուն ուղղված ծրագրերն ու նախագծերը:

Մարդու իրավունքների ուսուցանողների ընկերակցության (Association of Human Rights Educators) նախագահ Չավի Բարոն կարծում է, որ ոչ ֆորմալ կրթության միջոցով երիտասարդները կարողանում են ստանալ անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ եւ համատեղ ծրագրեր մշակել: Երիտասարդական ակումբների դաշնության ներկայացուցիչները համագործակցության արդյունքում նախապատրաստել են երկու ծրագիր, որոնք կյանքի կկոչվեն 2014 թվականին` Եվրամիության աջակցությամբ:

Ծրագրի մասնակից ԵՊՀ դասախոս, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը ընդգծելով ծրագրի կարեւորությունը փոխանցեց, որ Հայաստանում քաղաքական գործընթացներում երիտասարդ կանայք քիչ են ներգրավված, պետք է իրականացնել ծրագրեր, որ հայ կինը սկսի գնահատել իր հնարավորություններն ու արժեւորի ներուժը, որը կարող է օգտագործել որոշումներ կայացնելու գործընթացում` ի շահ ողջ հասարակության: