Այսօր՝ մայիսի 2-ին, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպում է ունեցել կարճատեւ աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։
ԼՂԳ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը շոշափվել են մի շարք հարցեր՝ կապված ղարաբաղյան կարգավորման գործընթացի ներկա փուլի հետ։ Մասնավորապես, կարեւորվել է խորհրդարանական դիվանագիտության աշխուժացման, այդ առումով վերջերս արձանագրված ուշագրավ շփումների հետեւողական զարգացման անհրաժեշտությունը։ Երկուստեք գոհունակություն հայտնելով արտերկրում ՀՀ դիվանագիտական առաքելությունների եւ ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների միջեւ համագործակցության դրվածքի կապակցությամբ, զրուցակիցները նշել են նրա արդյունավետության հետագա բարձրացման ուղիներն ու միջոցները։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ միջազգային իրավական ակտերին, ուրվագծվել են ԼՂՀ-ում դրանց կիրառման հնարավորությունները։
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Ղազարյանը, այլ պաշտոնատար անձինք։




























